Իրան

Ճապոնիան պետական պահուստներից կսկսի նավթ բաց թողնել մարտի 26-ին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան պետական պահուստներից կսկսի նավթ բաց թողնել մարտի 26-ին

Ճապոնիան պետական պահուստներից նավթ կսկսի բաց թողնել հինգշաբթի օրը՝ մարտի 26-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Սանաե Տակաիչին։

Մարտի 24-ին X-ում գրառման մեջ նա նշել է, որ այս քայլերը կօգնեն երաշխավորել, որ «բենզինի նման նավթամթերքների մատակարարումների հարցում ոչ մի ընդհատում չլինի»։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը, առաջնահերթ նշանակություն ունի միջազգային հանրության, այդ թվում՝ Ճապոնիայի համար, հատկապես կայուն էներգամատակարարման տեսանկյունից», - հավելել է նա։

Տակաիչին նաև հայտնել է, որ նավթ արտադրող մյուս երկրների կողմից պահուստների բաց թողումը նույնպես նախատեսվում է սկսել մարտին։

Ճապոնիան նաև մարտի 19-ից սկսել է սուբսիդիաներ տրամադրել՝ նավթամթերքների գները զսպելու համար։

Ճապոնական ԶԼՄ-ները նշում են, որ պետական պահուստներից նավթ բաց թողնելու մասին հայտարարվել է նախարարների նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ճապոնական տնտեսության վրա Մերձավոր Արևելքում լարվածության ազդեցությունը մեղմելու ուղիները։

Հաղորդվում է, որ նավթի պետական պահուստները պետք է բավականացնեն մեկ ամիս։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների հետևանքով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջովին դադարել է՝ հանգեցնելով նավթի գնի կտրուկ աճի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում