Ժամկետային զինծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու ծրագրի շահառուների թիվը հատել է 5200-ը
4 րոպեի ընթերցում
Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն այս պահին հատել է 5200-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում 2025-ին ատեստավորվել և ծառայությունը շարունակում է 3270 զինծառայող: Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած՝ ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը: Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու է դարձել 1777 զինծառայող: 2024 թվականի համեմատությամբ շահառուների քանակն ավելացել է 180-ով, ընդհանուր շահառուների թվաքանակը 2025-ին կազմել է 4234: Այս պահին այն հատել է 5200-ը»,-ասաց Պապիկյանը:
Սերժանտական նոր համակարգի ներդրման շրջանակներում ավելացվել են շուրջ 120 սերժանտների հաստիքներ, պատրաստություն անցած զինծառայողները նշանակվել են տվյալ հաստիքներին: Հրահանգիչների պատրաստության շրջանակներում ԶՈՒ շարքերը համարել է շուրջ 200 հրահանգիչ:
Զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրային ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք (պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է):
Պայմանագիր կնքած զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը:
Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը:
Ծրագրի ներդրմամբ դադարեցվում է նաև պաշտպանության նախարարության կողմնից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, սահմանվում են ծրագրի դադարեցմամբ պայմանավորված անցումային դրույթներ՝ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցած զինծառայողների, ինչպես նաև 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ծրագրով նախատեսված պատվովճարի գումարի (5 միլիոն դրամ) հատկացման և ազատ տնօրինման վերաբերյալ: