Հեգսեթը հայտնել է, որ Իրանին այսօր ամենահզոր հարվածները կհասցվեն
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ նշել է, որ ԱՄՆ նպատակները «անփոփոխ են, նպատակային և պլանավորված»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հեգսեթի խոսքով՝ նպատակներն են ոչնչացնել Իրանի հրթիռային կայանքները, նրա պաշտպանական արդյունաբերական բազան և նավատորմը, ինչպես նաև երբեք թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ։
Ինչպես նախորդ ճեպազրույցների ժամանակ, Հեգսեթն այս անգամ ևս հայտարարել է, որ մարտի 19-ին կրկին կլինի Իրանի վրա ամենահզոր հարվածների օրը։
Հեգսեթը նաև նշել է, որ Իրանի՝ նոր բալիստիկ հրթիռներ պատրաստելու կարողությունը, հավանաբար, ամենաշատն է տուժել։
Հարցին, թե որքան մոտ է ԱՄՆ-ն Իրանում իր գործողությունների ավարտին, Հեգսեթը պատասխանել է. «Մենք չէինք ցանկանա դրա համար որոշակի ժամկետ սահմանել։ Բայց, ինչպես ասացինք, մենք գործում ենք ըստ ծրագրի»։
Նա հավելել է, որ Թրամփը կորոշի, թե երբ ԱՄՆ-ն կհասնի անհրաժեշտ անվտանգությանը։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնն իր հերթին նշել է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է իր ռազմական նպատակներին հասնելու իր ծրագիրը։
«Ամեն օր մենք շարունակում ենք ավելի խորը հարվածել Իրանի տարածքին», - ասել է նա։
Քեյնը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրաքում Իրանի հետ կապված աշխարհազորային խմբավորումներին։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։