6 րոպեի ընթերցում
Հանրային ծառայողները պետք է իրենց աշխատանքին վերաբերվեն հավատով, այլ ոչ թե դա համարեն լոկ պարտականություն, որովհետև հակառակ պարագայում քաղաքացու նկատմամբ հոգածություն չի լինի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Հանրային ծառայողները պետք է իրենց գործին վերաբերվեն հավատով, այլ ոչ թե լոկ պարտականության, որովհետև հակառակ պարագայում հոգածություն չի լինի քաղաքացու նկատմամբ։ Ելնելով այդ իրողությունից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր կողմից մատուցվող ծառայությունների հիմքում ներդնում է մարդակենտրոն մոտեցումը։ Հազարավոր քաղաքացիներ ամեն օր ստանում են հանրային ծառայություններ, բայց լինում են նաև մարդիկ, որոնք չեն ստանում այդ ծառայությունները, և երբ մերօրյա սոցիալական մեդիայի դարաշրջանում տեսնում ենք մեկ ձախողված դեպք, ապա շատերի մոտ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նման ձախողումները կրում են համատարած բնույթ, մինչդեռ իրականում այդպես չէ։ Իհարկե, կան խնդիրներ, և մենք վարդագույն ակնոցներ չենք կրում, բայց ճիշտ չէ այն տեսակետը, որ մեր շուրջը համատարած բարձիթողի վիճակ է։ Կան հաշմանդամ քաղաքացիներ, որոնք զրկված են իրենց ամենահիմնարար կարիքները հոգալուց, բայց ես վստահեցնում եմ, որ խոսքը տվյալ դեպքում տասնյակների մասին է, եթե իսկապես խոսքը վերաբերում է մարդկանց հիմնարար կարիքներին։ Տարեկան մենք հաշմանդամներին տալիս ենք 35 հազար աջակցող միջոց, բայց այդ մասին ամեն օր չենք խոսում։ Այնուամենայնիվ, ֆեյսբուքյան մեկ գրառումը, որը կարող է հավաքել մինչև մեկ միլիոն դիտում, կարող է ստեղծել տպավորություն, թե ընդհանրապես հոգատար չենք մեր քաղաքացիների նկատմամբ»,- նշեց Թորոսյանը։
Նախարարի հավաստմամբ՝ այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է, բայց իրենք փոխվում են։ Ընդ որում՝ այդ փոփոխությունները, Թորոսյանի խոսքով, երևում են նաև ճգնաժամերի ընթացքում, որոնց միջով անցել է ողջ ազգաբնակչությունը։
«Եթե այսքան լավ արձագանքող չլինեինք, մենք հիմա որտե՞ղ կլինեինք այդ ճգնաժամերից հետո։ Իհարկե, կողմ եմ, որպեսզի մենք միշտ մեր ծառայությունները դարձնենք մարդակենտրոն։ Ես նախաձեռնել եմ հենց մեր նախարարության շուրջ բովանդակային քննարկումներ։ Ստեղծել ենք տարբերանշան, որի կենտրոնում մարդն է։ Երբ խոսում ենք ռազմավարությունների մասին, ապա փորձում ենք հետագայում դրանք ներդնել մարդկանց մեջ, ինչն արտացոլվում է նրանց աշխատանքում։ Մարդկանց պետք է խրախուսել, մոտիվացնել, կրթել, նույնիսկ փոխել, մանավանդ որ կան մարդիկ, որոնք չեն տեղավորվում մարդակենտրոն շրջանակի մեջ։ Մենք նախարարությունում ներդրել ենք «ՍՄԱՐԹ» համակարգը, և կցանկանայի, որ այն ներդրվեր բոլոր պետական կառույցներում։ Դա պարզապես լոկ թվային մենեջմենթ-տեղակատվական համակարգ չէ, այլև պարունակում է լուրջ բովանդակություն, առավել ևս այն պարագայում, երբ մենք թիմակիցներով քննարկում ենք մեր հիմնական առաքելությունը»,- նշեց նախարարը։
Թորոսյանը հավելեց, որ իրենց հիմնական առաքելությունը մարդուն ծառայելն է՝ կառուցելով նորարար, պատասխանատու և արդար համակարգ, որը նպաստում է համընդհանուր բարեկեցությանը և արժանապատիվ աշխատանքին։
«Մեր թվայնացման ռազմավարության մեջ կենտրոնանում ենք մարդկանց կյանքի իրադարձությունների վրա՝ սկսած սոցիալական կարիքների գնահատումից, վերջացրած նրանց կենսակերպն ավելի հեշտ դարձնելուց։ Կարևորում ենք հատկապես ՀԿ-ների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը։ Առօրյա կյանքում նրանք նույնպես կարևոր դերակատարություն ունեն։ Այդ առումով շարունակ ընդլայնում ենք մեր արտապատվիրակված ծառայությունները, որոնք ուղիղ հոգածության դրսևորում են պետության կողմից քաղաքացու նկատմամբ։ Տարեցտարի ավելի մեծ թվով ՀԿ-ների հետ համագործակցությունը մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է, որովհետև մասնագետները լավ են հասկանում գործից, հոգատար են շահառուների նկատմամբ։ Ամեն ինչ չպետք է անեն միայն պետական ծառայողները։ Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ նրանց մեջ տեսնեն ոչ թե խիստ պաշտոնյաների, այլև իրենց օգնելու պատրաստ անձանց»,- նշեց Թորոսյանը։
Նրա պնդմամբ՝ որոշակի տեղաշարժեր ու փոփոխություններ տեսանելի են, մի տեղ մի քիչ ավել, մի տեղ մի քիչ պակաս։
«Մյուս կարևոր գործոն այն, որ մենք պետք է ուժեղացնենք մեր քաղաքացիներին մեզ հետ հարաբերվելու գործընթացում՝ օգտագործելով նաև թվային գործիքներ։ Ես անձամբ օգտագործում եմ «Ակտիվ քաղաքացի» հավելվածը, անդրադառնում եմ խնդիրներին, լուսանկարում և դրանք ուղարկում Երևանի քաղաքապետարան։ Խնդիրներն այդ կերպ լուծվում են, հետևաբար մարդկանց պետք է ուժեղացնել այդպիսի գործիքներով՝ ապահովելով ավելի արդյունավետ հետադարձ կապ։ Բայց արդյոք ամեն ինչի թվայնացումն իրո՞ք չի ապամարդկայնացնում մեզ»,- հռետորական հարցադրում արեց ԱՍՀ նախարարը։
Նա տեղեկացրեց, որ վերանայվում է անապահովության «Փարոս» համակարգը, որն այժմ թեստավորվում է երկու մարզերում, որտեղ կա զրո շփում քաղաքացիների և որոշում կայացնող համակարգի միջև։
«Ինքս տեսնում եմ բազմաթիվ դեպքեր, երբ որևէ կերպ չէինք կարող կանխատեսել թվային համակարգում որևէ տվյալ կամ ինչ-որ գործընթաց, որպեսզի որոշումները ճիշտ կայացվեին։ Արդյոք ամեն ինչ թվայնացնելը լուծելո՞ւ է այն հարցը, որ ավելի հոգատար լինենք քաղաքացու նկատմամբ։ Անհրաժեշտ է այդ մասին շարունակ մտածել»,- եզրափակեց Թորոսյանը։