Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի. Փաշինյան

6 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների և Ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը, որը ներառում է 2026-2035 թթ. ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգման համակարգերի և հողատարածքների գույքագրում, ջրային ռեսուրսների արդյունավետ, կլիմակայուն և ջրախնայող կառավարում, ոռոգման համակարգերի կառավարման կատարելագործում, մշտադիտարկում, հողերի խոշորացում, ջրախնայող գյուղատնտեսության տեսակարար կշռի ավելացում, ջրամբարների կառուցմանն ուղղված աշխատանքներ և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև 2026-2031թթ. Ջրային կոմիտեի միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ջրի կառավարման ոլորտում ռազմավարական նպատակները պետք է հստակ արձանագրել՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու նպատակով.

«Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ վարելահողեր, բազմամյա տնկարկները և խոտհարքները, դարձնել 100 տոկոսով ոռոգելի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ջրային ոլորտում ներդրումները պետք է էականորեն ուղղված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև գյուղատնտեսական նշանակության հողերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

«Դա արդեն մասնագիտական վերլուծության հարց է, և սա նույնպես շատ կարևոր ուղղություն է, այսինքն՝ ես կարծում եմ, որ մենք ջրային ոլորտում այսպիսի ռազմավարական խնդիր պետք է դնենք և այդ ռազմավարական խնդիրը հնարավորինս ձևակերպենք»,-ասել է վարչապետը։

Անդրադառնալով հողերի խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու շատ ուղիղ և կոնկրետ գործիք է: Վարչապետն առաջարկել է հանրային կառավարման բարեփոխումների տրամաբանության շրջանակում դիտարկել այս երկու խնդիրների փոխկապակցված լինելու հարցը: 

«Մեր հաջորդ ռազմավարական խնդիրը ջրի ոլորտում հետևյալն է, որ հանրապետության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Այսինքն՝ առանց բացառության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Մենք մեր երկարաժամկետ ծրագրերը պետք է կառուցենք այս տրամաբանությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս բոլոր հարցերի լուծումը հնարավոր չէ առանց ջրի նկատմամբ գիտակցության փոփոխության:

Շարունակելով թեման՝ վարչապետն արձանագրել է.

«Հաջորդ կարևոր խնդիրը, որն իմ կարծիքով, մեր տեսադաշտից շատ հաճախ բաց ենք թողնում, մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների գեներացիան և մատակարարումն է, որովհետև տեխնիկական ջուրը և խմելու ջուրը խառնում ենք իրար, և ըստ էության, կորցնում ենք նաև տեսադաշտից մի շատ կարևոր հարց, որ ի վերջո տնտեսության բազմաթիվ ճյուղեր ունեն տեխնիկական ջրի անհրաժեշտություն: Ես հիմա ինչքան հասկանում եմ, նաև տեղ-տեղ խմելու ջուր է օգտագործվում որպես տեխնիկական ջուր, որը նույնպես ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այսինքն, այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո,  նախորդող շրջանում տարեկան 7% տնտեսական աճ միջինում ապահովեցինք, հիմա հաջորդ շրջանում դնում ենք տարեկան 6% տնտեսական աճ, բայց չունենք հաշվարկ, այդ աճող տնտեսությունը ջրային ի՞նչ լրացուցիչ ռեսուրսների կարիք է ունենալու, որովհետև գնում ենք արդյունաբերական արտադրանքի շատ հավակնոտ աճի, ցուցանիշներ ենք դնում, սակայն մոռանում ենք, որ առանց ջրի հնարավոր չէ արդյունք: Արդյունաբերություն և արդյունաբերության աճ հնարավոր չէ: Եթե կա արդյունաբերության աճ, նշանակում է կա նաև ջրի սպառման աճ, տեխնիկական ջրի սպառման աճ»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեխնիկական ջրի հետ կապված խնդիրների կարգավորումը:

Անդրադառնալով ռազմավարական հաջորդ խնդրին՝ երկրի ղեկավարը կարևորել է, որ հանրապետությունում առանց մաքրման ջուր բաց չթողնվի բնություն:

«Էական չէ՝ ինչ նպատակով է այդ ջուրն օգտագործվել: Այսինքն՝ ջուրն օգտագործվեց, բնություն բաց թողնվելուց առաջ պետք է մաքրվի: Սա շատ կարևոր ռազմավարական խնդիր է, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանման և զարգացման տրամաբանությամբ։ Եվ իհարկե, մշտական թեման, որն ունենք, դա Սևանա լճի պահպանությունը և զարգացումն է: Հաջորդը՝ սրանից բխող գետերի և լճերի սպասարկումը, խնամքը»:

Մտքերի փոխանակություն և շահագրգիռ քննարկում է ծավալվել ջրային ռեսուրսների և համակարգերի կոնսոլիդացման ու արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը  պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքային քննարկում կազմակերպել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ և զեկուցել արդյունքների մասին:

Հայերեն Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում