Եգիպտոսի ԱԳ նախարարն իր պաշտոնակիցների հետ զրույցում քննարկել է տարածաշրջանային լարվածությունը
2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտին հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Օմանի և Գերմանիայի իր գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանում ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցների ընթացքում նախարարը դատապարտել է վերջին հարձակումներն, այդ թվում՝ Օմանի Սուլթանության Սալալայի նավահանգստի, ինչպես նաև Կատարի Պետության վրա՝ ընդգծելով այդ գործողություններին անհապաղ վերջ դնելու անհրաժեշտությունը և նշելով, որ դրանք բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի կանոնները և սպառնում տարածաշրջանի կայունությանը։ Նա կոչ է արել լիակատար հավատարմություն ցուցաբերել բարիդրացիության քաղաքականությանը և հարգել Ծոցի պետությունների ինքնիշխանությունը։
Հեռախոսազրույցների ընթացքում արտգործնախարարը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել իրանական հարձակումները․ Եգիպտոսը բանաձևը հովանավորող առաջին երկրներից մեկն էր։
Քննարկումների ընթացքում նախարարները համաձայնել են, որ իրավիճակը զսպելու համար դիվանագիտական լուծմանն այլընտրանք չկա, և որ անհրաժեշտ է ակտիվացնել հաղորդակցությունը, գործողությունները և ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու համար:
Եգիպտոսի ԱԳ նախարարը հաստատել է, որ Կահիրեն տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համակարգված կշարունակի ջանքերը պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ուղղությամբ՝ հաշվի առնելով դրա ծանր տնտեսական, անվտանգային, քաղաքական և աշխարհառազմավարական չափազանց վտանգավոր հետևանքները։
Նախարարները նաև համաձայնել են, որ ներկայիս ռազմական էսկալացիայի շարունակությունն ու ընդլայնումը սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ բոլորին դարձնելով պարտվող։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության 15 անդամից բաղկացած խորհուրդը 13 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով (Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն) ընդունել էր 2817 բանաձևը՝ դատապարտելով Իրանի հարձակումներն իր տարածաշրջանային հարևանների դեմ։