Հասարակական

Երևանում կանցկացվի Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը

3 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը

Երևանում՝ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, մարտի 17-18-ը կանցկացվի Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը (Public Sector Innovation Forum III)։ Համաժողովի կազմակերպիչն է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։

Այս տարվա համաժողովը կառուցված է մի առանցքային հարցի շուրջ․ ինչպե՞ս կարող են պետությունները ձևավորել այնպիսի կառավարման համակարգեր, որոնք ունակ են ապահովել ոչ թե կարճաժամկետ արդյունքներ, այլ երկարաժամկետ, համակարգային և կայուն փոփոխություն։ Այս համատեքստում համաժողովի օրակարգը կկենտրոնանա այն ինստիտուցիոնալ պայմանների, կառավարման նորարարական մոտեցումների և համագործակցության մոդելների վրա, որոնք թույլ են տալիս պետական համակարգերին գործել որպես փոփոխության ակտիվ դերակատարներ՝ զարգացնելով ինստիտուցիոնալ կարողությունները, խթանելով միջոլորտային և բազմաշահառու համագործակցությունը և ձևավորելով հանրային արժեք ստեղծելու ավելի արդյունավետ և պատասխանատու մեխանիզմներ։

Երկօրյա համաժողովի շրջանակում կանցկացվեն հիմնական ելույթներ, քննարկումներ և աշխատարաններ՝ միավորված մի քանի թեմատիկ ուղղություններով։ Օրակարգը կանդրադառնա առաքելահեն, մարդակենտրոն և ճկուն կառավարման մոտեցումներին, պետական ռազմավարությունների իրականացման մարտահրավերներին, հանրային ֆինանսների և ազդեցության ֆինանսավորման նոր մեխանիզմներին, հանրային ծառայությունների արդիականացմանը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության ռազմավարական կիրառմանը պետական կառավարման մեջ։

Համաժողովի օրակարգում ներառված են նաև կառավարման համակարգերում վստահության վերականգնմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, քաղաքականությունների մշակման և իրականացման միջև առկա բացերի հաղթահարմանը, արժանապատվության և բարեկեցության վրա հիմնված սոցիալական քաղաքականությունների զարգացմանը, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով համակարգային փոփոխությունների ֆինանսավորման նոր մոտեցումներին վերաբերող թեմաներ։

Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովին կմասնակցեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ։ Մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Demos Helsinki-ից, University College London-ից, միջազգային նորարարական լաբորատորիաներից և առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններից։

Համաժողովը նպատակ ունի ստեղծել բաց և համագործակցային հարթակ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և գործնական լուծումների մշակման համար՝ նպաստելով Հայաստանում ավելի ճկուն, արդյունավետ և մարդակենտրոն կառավարման համակարգի ձևավորմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում