Վրաստանը նշել է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման պայմանները

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար պետք է հրաժարվի երկրում իշխանափոխության փորձերից և վրացական ընդդիմադիր կազմակերպությունների գաղտնի ֆինանսավորումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

Նա շեշտել է, որ հենց եվրոպական կողմն է խզել Վրաստանի հետ հարաբերությունները:

«Եվրոպական միությունն ինքը միակողմանիորեն և առանց պատճառի խոչընդոտել է Վրաստան-ԵՄ հարաբերություններին: Մենք չենք կարող նորոգել այն, ինչ կոտրված է», - Պապուաշվիլիի խոսքերն է մեջբերում Georgia Today պարբերականը:

Հա հավելել է, որ Բրյուսելում գիտեն, թե ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել Վրաստան-ԵՄ հարաբերությունները վերականգնելու համար:

«Նախ նրանք պետք է հրաժարվեն Վրաստանում իշխանությունը տապալելու փորձերից: Դա ամենակարևոր պայմանն է, քանի որ մենք չենք ընդունի Բրյուսելի հակաժողովրդավարական փորձերը», - ասել է Պապուաշվիլին՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է նաև հրաժարվի Վրաստանի տարբեր կազմակերպությունների ֆինանսավորումից, դադարեցնի հակավրացական հռետորաբանությունը:

ԵՄ-Վրաստան հարաբերությունները լարվել են 2024 թ. մայիսին Թբիլիսիի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո: 2024 թ. հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները որոշեցին մինչև 2028 թվականը կասեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները և հրաժարվել ԵՄ բյուջետային դրամաշնորհներից:

Հայերեն Русский