Իսրայելի բանակը պատրաստվում է ընդլայնել գործողությունները Լիբանանում
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 12-ին հայտարարել է, որ հրամայել է բանակին պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP-ն, այս մասին նա խոսել է հրապարակված տեսաուղերձում։
«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնմանը և հյուսիսային համայնքներում հանգստության ու անվտանգության վերականգնմանը։ Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի, թե ինչպես վերահսկել տարածքը և կանխել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքները հյուսիսային համայնքներին նկատմամբ և Իսրայելի ուղղությամբ կրակ բացելը, մենք կվերցնենք տարածքը և դա կանենք ինքներս», - ասել է Կացը։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։
Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 570 մարդ, վիրավորվել՝ 1444-ը։