Իրանում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 կին և երեխա
2 րոպեի ընթերցում

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից ի վեր Իրանում զոհերի թիվը հասել է 1332-ի, որոնցից 206-ը կանայք և երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Կառավարության խոսնակը նաև հայտնել է, որ հարվածների թիրախ են դարձել տասնյակ առողջապահական կենտրոններ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանական կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր 1230 զոհի մասին։ Իրանի բանակը հայտարարել է, որ նախորդ շաբաթ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական ռազմանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, որոնք չէին ներառվել Կարմիր մահիկի կողմից տրամադրված տվյալների մեջ:
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։
Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 10-ից ավելի զոհի մասին, ամերիկյան կողմից զոհվել է 7 զինծառայող։ Մերձավոր Արևելքի տարբեր երկրները հայտնել են, ընդհանուր առմամբ, շուրջ 25 զոհի մասին։ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ մեկնարկած իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 400-ի։