Տնտեսություն

Վանաձորում մեկ տարվա դադարից հետո կայացել է ավագանու նիստ. հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ

2 րոպեի ընթերցում

Վանաձորում մեկ տարվա դադարից հետո կայացել է  ավագանու նիստ. հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ

Վանաձորում մոտ մեկ տարվա դադարից հետո ավագանու 17 անդամի մասնակցությամբ մարտի 9-ին կայացել է ավագանու նիստ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ ավագանու նիստում հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում։

«Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է։ 5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու նիստը կայանալու է։ 

Հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում»,- նշել է մարզպետը:

Մկրտչյանի խոսքով՝ ձեռք կբերվի 45 նոր ժամանակակից ավտոբուս, 100 նոր վերելակ, կհիմնանորոգվի 150 բակ և Վանաձորի խորհրդանիշներից մեկը՝ քաղաքային լճերը՝ շատրվանների անցկացմամբ։

«Վանաձորի մանկապարտեզները դառնում են անվճար, կհիմնվի ատրակցիոն պարկ՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգում, կհիմնանորոգվեն և կբարեկարգվեն Վանաձորի կենտրոնական Հայկի հրապարակը, Թումանյանի հրապարակը, Կոմիտասի հրապարակը և Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգին: 

Շահումյան համայնքում կկառուցվի մանկապարտեզ, այդ թվում նաև թիվ 7 մանկապարտեզի նոր մասնաշենքը: Կլինի աննախադեպ ծավալի՝ 42 փողոցի հիմնանորոգում: Դրանց մեծ մասը հիմնանորոգվել է 1980-ական թվականներին, դրանք հիմա գտնվում են խիստ անբարեկարգ վիճակում: Ծրագրի շրջանակում կիրականացվի նոր կանգառասրահների կառուցում, Շահումյան բնակավայրի լուսավորության համակարգի անցկացում՝ 3 կմ երկարությամբ, Վանաձոր համայնքի մի շարք թաղամասերում կոյուղագծերի կառուցում՝ 5 կմ երկարությամբ»,- նշել է մարզպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում