Իրան

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը Մերձավոր Արևելքում իրավիճակը որակել է «լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակ»

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը Մերձավոր Արևելքում իրավիճակը որակել է «լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակ»

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) հայտարարել է, որ Լիբանանում մոտ 100 000 մարդ տեղահանվել է, իսկ այնտեղ ապրող տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ վերադարձել են սահմանից այն կողմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ՄԱԿ ՓԳՀ-ն ստեղծված իրավիճակն անվանել է «լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակ»։

Իսրայելը լայնածավալ տարհանման հրամաններ է տվել հարավային Լիբանանի և Բեյրութի որոշ հատվածների համար։

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Մերձավոր Արևելքում սրվող ճգնաժամը հայտարարել է որպես լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակ, որը պահանջում է անհապաղ արձագանք ամբողջ տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում», - Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՄԱԿ ՓԳՀ արտակարգ իրավիճակների և ծրագրերի աջակցության տնօրեն Այակի Իտոն։

Նա նշել է, որ տեղահանության մասշտաբի վերաբերյալ մինչ այժմ տրված թվերն, ամենայն հավանականությամբ, թերագնահատված են։

Այակի Իտոն նաև ասել է, որ հակամարտության առաջին օրերին մոտ 100 000 մարդ տեղահանվել է Իրանում, և որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներն ամեն օր հարյուրավոր զանգեր են ստանում օգնություն խնդրող իրանցիներից։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Երկրում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 120-ը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում