Մարզեր

Դպրոցաշինությունը Շիրակի մարզի առաջնահերթությունների թվում է

3 րոպեի ընթերցում

Դպրոցաշինությունը Շիրակի մարզի առաջնահերթությունների թվում է

Շիրակի մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերը շարունակում են մնալ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է մարզպետ Դավիթ Առուշանյանն՝ աշխատակազմի պատասխանատուների, հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մարզպետը կարևորել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը՝ ընդգծելով, որ շինարարական և վերանորոգման աշխատանքները գտնվում են մշտական վերահսկողության ներքո:

«Մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերը մեր առաջնահերթություններից են։ Շինարարական բոլոր աշխատանքները գտնվում են խիստ վերահսկողության տակ, և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի դրանք իրականացվեն սահմանված ժամկետներում և որակով»,-նշել է Դավիթ Առուշանյանը՝ տեղեկացնելով, որ մարզում այս ծրագրի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվել են, իսկ 12-ը՝ կառուցվել հիմքից:

Մարզպետն անդրադարձել է նաև դպրոցների բյուջեների արդյունավետ օգտագործմանը և ավելորդ հաստիքների բացառմանը, ինչը հնարավորություն է տալիս խնայողություններ անել: Ըստ ներկայացված տվյալների՝ անցած տարեվերջին մարզի դպրոցները ձևավորված խնայողությունների հաշվին շուրջ 443 մլն դրամ պարգևավճար են տրամադրել 4620 աշխատակիցների։ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ սա պատասխանատու կառավարման արդյունք է, և ռեսուրսների ճիշտ բաշխումը պետք է դառնա աշխատանքային մշակույթ:

Խորհրդակցության առանցքային թեմաներից էր դպրոցներում դրամահավաքության ցանկացած դրսևորման բացառումը: Մարզպետը հստակ շեշտադրել է, որ տոների կապակցությամբ (մարտի 8, ապրիլի 7 և այլն) նույնիսկ ծնողների «ինքնակամ» նախաձեռնությունները՝ նվերների կամ դրամահավաքի տեսքով, անթույլատրելի են:

«Դպրոցներում դրամահավաքության որևէ դեպք չի կարող արդարացվել։ Մենք պարտավոր ենք ապահովել օրենքի գերակայությունն ու ծնողների վստահությունը կրթական համակարգի նկատմամբ»,- ընդգծել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում