Իրան

Չինաստանը կոչ է արել վերսկսել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կոչ է արել վերսկսել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները

Չինաստանը հարգում է Իրանի «օրինական իրավունքը՝ միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով», հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ միաժամանակ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը մամուլի ասուլիսում նշել է, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հարվածները «խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները»։

«Իրանի միջուկային հարցը, ի վերջո, պետք է վերադառնա քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հուն», - ասել է խոսնակը։

Դիվանագետին հարց են ուղղել, թե ինչ հնարավոր ազդեցություն կարող են Չինաստանի նավթի մատակարարումների վրա ունենալ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Վենեսուելայում և Իրանում։ Նա նշել է, որ Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու իր սեփական էներգետիկ անվտանգությունը։

«Էներգետիկ անվտանգությունը շատ կարևոր է համաշխարհային տնտեսության համար, և բոլոր կողմերը պետք է ապահովեն կայուն և սահուն էներգամատակարարում», - ասել է նա։

Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին և էներգետիկ օբյեկտներին։ Իրանը նաև սպառնացել է հարվածել բոլոր նավերին, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ն անցնում է այս նեղուցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում