Իրան

Իսրայելը զինված ուժերին լիազորել է հսկողություն հաստատել Լիբանանում լրացուցիչ տարածքների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը զինված ուժերին լիազորել է հսկողություն հաստատել Լիբանանում լրացուցիչ տարածքների նկատմամբ

Իսրայելի իշխանությունները զինված ուժերին լիազորել են առաջ շարժվել և լրացուցիչ տարածքներ հսկողության տակ առնել. այդ քայլի նպատակն է կանխել հարավային Լիբանանից իսրայելական համայնքների վրա «ուղիղ կրակը»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելական համայնքների վրա ուղիղ կրակոցների հնարավորությունը կանխելու համար վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես լիազորել ենք Իսրայելի պաշտպանության բանակին առաջ շարժվել և հսկողություն հաստատել Լիբանանի լրացուցիչ ռազմավարական տարածքների վրա և այնտեղից պաշտպանել սահմանային համայնքները», - նշված է Կացի հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ուժային գործողություններ իրականացնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների դեմ։ Ահաբեկչական կազմակերպությունը վճարում է և կվճարի ծանր գին Իսրայելի դեմ կրակի համար», - հավելել է նա։

Կացն ընդգծել է, որ Իսրայելը վճռական է՝ պաշտպանելու սահմանային համայնքները։

«Մենք խոստացել ենք անվտանգություն Գալիլեայի համայնքներին, և  մենք դա կիրականացնենք», - նշել է նա։

Ավելի վաղ Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ մարտի 3-ի լուսաբացին անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիդ ավիաբազայի ռադարային կայաններն ու կառավարման սենյակները։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում