9 րոպեի ընթերցում
Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանում անցած տարի աճել է 10,9 տոկոսով, ինչը Պարեկային ծառայությունում պայմանավորում են տարեցտարի տրանսպորտային միջոցների թվի աճով։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, ներկայացնելով մահվան ու մարմնական վնասվածքների հանգեցրած ՃՏՊ-ների վերջին երկու տարիների համեմատական ցուցանիշները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մահացությունների թիվն անընդմեջ նվազել է, իսկ մարմնական վնասվածքներինն` աճել։
Հանրապետության ո՞ր հատվածներում ՃՏՊ-ների, դրանց հետևանքով մահվան, մարմնական վնասվածքների ինչ ցուցանիշներ են արձանագրվել և որոնք են պատճառները․այս և այլ մանրամասների շուրջ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Քանի՞ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել անցած տարի։ 2024 թվականի համեմատ՝ որքանո՞վ է նվազել կամ ավելացել այդ թիվը։ Ինչի՞ մասին է վկայում համեմատությունը։
-Անցած տարի արձանագրվել է մարդկային տուժածներով 4784 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2024 թվականի 4314-ի փոխարեն։ Պատահարների թիվը 2024-ի համեմատ աճել է 470-ով կամ 10,9 տոկոսով։ Մեր կարծիքով՝ ՃՏՊ-ների թվի աճին նպաստել է հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների տարեցտարի ավելացումը։
-Որտե՞ղ են ամենաշատ և ամենաքիչ թվով ՃՏՊ-ներ գրանցվել (Երևան, մարզեր)։ Ինչո՞վ են պայմանավորված այդ ցուցանիշները։
-Բնականաբար, ամենաշատ թվով պատահարները արձանագրվել են Երևան քաղաքում, որը կազմել է 1898։
Մարզերից ամենաշատ պատահարներն արձանագրվել են Կոտայքում՝ 475, Արարատում՝448 և Արմավիրում՝ 361։ Սակայն, եթե դիտարկենք պատահարների քանակի աճի տեսանկյունից, ապա ամենամեծ աճն արձանագրվել է Երևանում՝ 249-ով, Արագածոտնի մարզում՝ 46-ով և Կոտայքում՝ 34-ով։ Ամենաքիչ պատահարներն արձանագրվել են հետևյալ մարզերում՝ Վայոց ձորի (76), Տավուշի (168) և Սյունիքի (214)։
Եթե կրկին դիտարկենք պատահարների քանակի նվազման տեսանկյունից, ապա նման միտում է գրանցվել միայն Արմավիրի մարզում, որտեղ այդ ցուցանիշը նվազել է 4-ով։
-Ինչպիսի՞ն են եղել մահացության և վնասվածքների ցուցանիշներն անցած տարի՝ 2024-ի համեմատ։ Ո՞ր մարզերում են գրանցվել մահացության ու վնասվածքների ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները։ Ինչո՞վ են դրանք պայմանավորված։
-Անցած տարի արձանագրված 4784 ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 283, մարմնական վնասվածքներ ստացել 7073 մարդ։ Նախորդ տարվա համեմատ մարմնական վնասվածք ստացած անձանց թիվն ավելացել է 957-ով, սակայն, ի ուրախություն մեզ, զոհերի թիվը նվազել է 50-ով։ Ընդ որում, պետք է առանձնահատուկ նշեմ, որ մենք զոհերի թվի մեծ չափով նվազում ունենք երկրորդ տարին անընդմեջ։ Մասնավորապես՝ 2024 թվականին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նախորդած տարվա համեմատ նվազել էր 45-ով։ Ստացվում է, որ 2025 թվականին, 2023-ի համեմատ, այդ ցուցանիշը նվազել է 95-ով (378/283)։ Սա առաջին հերթին փաստում է պարեկային ծառայության գործունեության արդյունավետության մասին, ինչպես նաև վկայում վարորդների մոտ վարքագծային փոփոխությունների և պատժի անխուսափելիության զգացման մասին։ Անվտանգային մշակույթի ձևավորմանը նպաստել է նաև պարեկային ծառայության կողմից ցուցաբերված հետևողական աշխատանքը, ինչի շնորհիվ 2025 թվականին տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկվել է ընդհանուր առմամբ 5435 անձ (2024-ին՝ 5696)։ Եթե դիտարկենք տուժածների թվի աճի տեսանկյունից, ապա ըստ մարզերի, զոհերի ամենամեծ աճն արձանագրվել է հետևյալ մարզերում՝ Արագածոտնի՝ 15-ով, Լոռու՝ 5-ով և Կոտայքի՝ 4-ով։ Մարմնական վնասվածք ստացած անձանց թվի ամենամեծ աճը գրանցվել է Երևանում՝ 362-ով, իսկ մարզերից Կոտայքում՝ 103-ով, Արագածոտնում՝ 102-ով և Տավուշում 101-ով։ Զոհերի թվի ամենամեծ նվազումն արձանագրվել է Երևանում՝ 39-ով և հետևյալ մարզերում՝ Սյունիքում 17-ով, Արմավիրում 10-ով և Գեղարքունիքում 7-ով, իսկ մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը նվազել է միայն Վայոց ձորի մարզում՝ 12-ով։
-Երթևեկության կանոնների ի՞նչ բնույթի խախտումներն են գերակշռել։
-Անցած տարի արձանագրված շուրջ 1 միլիոն իրավախախտումների մեջ ամենամեծ թիվը կազմում են առանց ամրագոտի երթևեկելը՝ 230 հազար 749 (2024-ին՝ 188 հազ․453), արագության գերազանցումը՝ 108 հազար 576 (2024-ին՝ 82 հազ․51), ճանապարհային նշանների և գծանշումների պահանջները խախտելը՝ 86 հազար 434 (2024-ին՝ 83 հազ․318), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը՝ 85 հազար 739 (2024-ին՝92 հազ․69), վարելու ընթացքում հեռախոսով խոսելը՝ 43 հազար 901 (2024-ին՝ 29 հազ․458)։
Առանց վարորդական իրավունքի վկայականի կամ ալկոհոլի ազդեցության ներքո տրանսպորտային միջոց վարելու քանի՞ դեպք է հայտնաբերվել 2025-ին՝ նախորդ տարվա համեմատ։
-Անցած տարի արձանագրվել է վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու 42 հազար 747 իրավախախտում՝ նախորդ տարվա 46 հազարի փոխարեն, ինչպես նաև ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու 21 հազար 281 իրավախախտում (2024-ին՝ 20 հազ․268)։
Վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերն անցած տարի համեմատաբար նվազել են 3259-ով կամ 7 տոկոսով, իսկ ոչ սթափ վիճակում վարելու դեպքերը աճել են 1013-ով կամ 5 տոկոսով։
-Ճանապարհային երթևեկության կազմակերպմանն ու անվտանգության ապահովմանը միտված ի՞նչ նոր միջոցառումներ են անցած տարի շրջանառության մեջ դրվել և ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը։ Կա՞ն այնպիսիք, որոնք կներդրվեն ընթացիկ տարվանից։
-Անցած տարի սահմանվել է քրեական պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նման արարք կատարելու համար։ Բացի այդ, մենք օրենսդրական փոփոխություն ենք իրականացրել և այն դեպքերում, երբ ոչ սթափ վիճակում գտնվելու հանգամանքի պարզումն իրականացվում է արյան հետազոտության միջոցով, հանել ենք անձի պարտադիր ներկայությունը վարչական իրավախախտման արձանագրություն կազմելիս։ Նախկինում, երբ այս նորմը չկար, մեր քաղաքացիները տարբեր եղանակներով խուսափում էին արյան հետազոտության պատասխանները ստանալուց հետո ներկայանալ վարչական մարմին իրավախախտման արձանագրությունը կազմելու համար, իսկ օրենքով նրանց ներկայությունը պարտադիր էր։ Այդպիսով փորձում էին խուսափել վարչական պատասխանատվությունից։ Այս փոփոխությունից հետո, երբ արդեն կա փորձաքննության եզրակացությունը, թե որքան է սթափության աստիճանի ցուցիչը, մենք առանց անձի ներկայության կազմում ենք վարչական արձանագրություն, այնուհետև ծանուցում ենք վարչական լսման մասնակցելու համար, և, եթե քաղաքացին չի ներկայանում, ապա առանց իր ներկայության արդեն որոշում ենք կայացնում։
Ընթացիկ տարում նախատեսում ենք պարեկային ծառայության ավտոմեքենաները համալրել նոր տեսախցիկներով, որոնք 360 աստիճան տեսադաշտով տեսանկարահանում կիրականացնեն՝ արձանագրելով պարեկին ոչ տեսանելի գոտում կատարված իրավախախտումները, ինչպես նաև ավելի մեծ ապացուցողական բազա կունենանք, ինչը հնարավորություն կտա բողոքարկումների դեպքում դրանք նաև քննության առարկա դարձնել։ Հաջորդ միջոցառումը, որի մասով կա շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախաձեռնություն. նախատեսում ենք ներդնել տեխնիկական սարքավորումներ, որոնց կիրառմամբ թքի միջոցով հնարավոր կլինի պարզել թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը հենց տեղում, ինչը հնարավորություն կտա երթևեկությունից հանել այն անձանց, որոնք տրանսպորտային միջոցը վարում են թմրանյութ օգտագործած վիճակում։
