Հայաստան

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

7 րոպեի ընթերցում

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հայաստանում «Tour of Armenia» մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ 

Սեպտեմբերի 10-ին

Հեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, ապա՝ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, այնուհետև՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ-7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ կավարտվի երթուղու տվյալ փուլը։

Սեպտեմբերի 11-ին

Մրցաշարը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։

 Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։

Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ հատվածներում՝

▪️ Մ-8 մայրուղու Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատված,

▪️ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի,

▪️ Զորավար Անդրանիկի փողոց,

▪️ Զորավար Անդրանիկի շրջանաձև երթևեկությունից դեպի Թումանյան փողոց,

▪️ Թումանյան հրապարակից՝ Թումանյան փողոց,

▪️ Մոսկովյան և Բոշյան փողոցների շրջանաձև երթևեկությունից կամրջով դեպի Լոռվա խճուղի,

▪️ Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատված,

▪️ Փամբակի 1-ին փողոցից Մ-6 միջպետական ճանապարհով դեպի Վահագնաձոր բնակավայրի 1-ին և 4-րդ փողոցներ՝ մինչև Թումանյան քաղաքի սկզբնամասի շրջանաձև երթևեկություն,

▪️ Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված,

▪️ Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված,

▪️ Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի,

▪️ Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոց Հ-33,

▪️ Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ,

▪️ Չարենցի փողոցից մինչև Արևելյան փողոցի խաչմերուկ,

▪️ Բաղրամյան և Թելմանի փողոցներ։

Սեպտեմբերի 12-ին

Մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։

Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց` Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։

Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։

Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։

Նույն օրը Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ ժամանակավորապես փակ կլինի Իջևան-Սևան-Երևան Մ-4 ավտոճանապարհը՝ մինչև Հրազդանի նախկին անշարժ պահակակետ՝ հարակից ճանապարհների հատումներով հանդերձ։

Այդ հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց՝ Մ-4 Երևան-Սևան-Իջևան ուղեմասով։

Ժամանակավորապես փակ կլինեն նաև Քաղսի գյուղից մինչև Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհը՝ հարակից ճանապարհների հատումներով, մասնավորապես՝

▪️ Քաղսի գյուղի 1-ին փողոցը,

▪️ Հրազդան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցը՝ մինչև Սպանդարյան փողոցի հատումը,

▪️ Սպանդարյան փողոցը,

▪️ Զորավար Անդրանիկի պողոտան՝ մինչև Զովաբեր գյուղի՝ Գեղարքունիքի մարզի սահմանը։

Տավուշի մարզում փակ կլինեն Մ-4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները, Դիլիջան քաղաքի Կամոյի, Մաքսիմ Գորկու և Թբիլիսյան փողոցները, ինչպես նաև դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհը։

Նախարարությունից հորդորում են միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել։

Սեպտեմբերի 12-13-ը

Միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։

Սեպտեմբերի 12-ի ժամը 00․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։

Սեպտեմբերի 12-ի ժամը 20․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝

▪️ Հանրապետության հրապարակում,

▪️ Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց,

▪️ Ագաթանգեղոսի փողոցում,

▪️ Գրիգոր Լուսավորչի փողոցում,

▪️ Արգիշտիի փողոցում,

▪️ Հրազդանի կիրճում,

▪️ Ուրուգվայի հրապարակում,

▪️ Պարոնյան փողոցում,

▪️ Լեոյի փողոցում,

▪️ Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,

▪️ Սարյան փողոցում,

▪️ Պապ թագավորի փողոցում,

▪️ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,

▪️ Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ եզրափակվում է ՆԳՆ–ի տարածած հաղորդագրությունը։

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում