Չինաստանը մերժել է զինաթափման շուրջ երկխոսությանը միանալու պահանջները
2 րոպեի ընթերցում

Պեկինին ուղղված պահանջները՝ միանալու Մոսկվայի և Վաշինգտոնի միջև միջուկային զինաթափման շուրջ երկխոսությանը, անհիմն են և չեն կարող կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։
«Չինաստանի նկատմամբ պահանջը միջուկային զինաթափման շուրջ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև այսպես կոչված եռակողմ բանակցությունների նիստերին մասնակցելու մասին այս փուլում անհիմն է, անարդար և չի կարող կատարվել», - նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Չինաստանը պետք է միանա սպառազինությունների վերահսկման համաձայնագրին։
«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ստեղծված հանգամանքներում Մոսկվան կարծում է, որ կողմերն այլևս կապված չեն որևէ պարտավորությամբ և սկզբունքորեն ազատ են իրենց հաջորդ քայլերն ընտրելու հարցում։