Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
1 րոպեի ընթերցում

Իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը փետրվարի 26-ին Ժնևում մեկնարկել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Բանակցություններում ամերիկյան կողմը ներկայացնում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի քաղաքական խորհրդական, փեսա Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, իրանական պատվիրակությունն օմանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ի բանագնացներին փոխանցել է միջուկային խնդրի կարգավորման առաջարկներ։ Գործակալության տվյալներով՝ Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին առաջարկները փոխանցել է ամերիկացիներին։ Առաջարկների բովանդակության մասին մանրամասներ չեն ներկայացվում։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ բանակցություններին կարող է մասնակցել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։