Միացյալ Նահանգներ

Ռուբիոն խոսել է պատերազմն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն խոսել է պատերազմն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան կարողացել է շուրջ չորս տարի դիմանալ Ռուսաստանի դեմ պատերազմին ԱՄՆ կողմից Կիևին տրամադրած ու վաճառած զենքերի, ինչպես նաև ամերիկյան կողմի հետախուզական տվյալների ու այլ աջակցության շնորհիվ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի կարող ռազմական լուծում ունենալ։ «Պատերազմը կարգավորվելու է բանակցությունների միջոցով։ Եվ հիմա մենք միակ երկիրն ենք աշխարհում, որը կարող է լինել բանակցությունների կատալիզատորը։ Եթե մենք հրաժարվենք այդ դերից, ոչ ոք չի կարող դա անել»,- ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում։

Նա ընդգծել է, որ այս հարցում ԱՄՆ նախագահի համբերությունն անսահման չէ։ «Սակայն ես չեմ պատրաստվում կանխատեսել, թե երբ է այն սպառվելու կամ որ պահին նա կորոշի այլևս չանել դա։ Կարող եմ ձեզ ասել, որ նա խորը հիասթափություն է ապրում, որ սա (խմբ․- պատերազմը) դեռ չի ավարտվել, քանի որ նա այն համարում է լիովին անիմաստ պատերազմ, որի ընթացքում ամեն շաբաթ մարտի դաշտում զոհվում է 7-8000 զինվոր»,- ասել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ կատարվող գործողությունները հսկայական վնաս են հասցնում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինային, որտեղ ամեն օր ավելի ու ավելի շատ ավերածություններ են լինում, որոնց վերականգնման համար երկար տարիներ են պահանջվելու։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրում հակամարտության դադարեցման նպատակով։ «Կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցել խնդիրների շրջանակի նեղացման հարցում, բայց կարծում եմ նաև, որ որոշ խնդիրներ դեռևս մնում են, որոնք, ցավոք, շատ-շատ դժվար են»,- ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում