6 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը» հեքիաթն առաջին տեղում է։ Ստեղծագործությունը գրվել է հեղինակի և իր ընկեր Յուլիուս Հիթցիգի երեխաների հետ շփման ազդեցությամբ․ նրանց անունները՝ Ֆրից և Մարի, դարձել են «Մարդուկ-Ջարդուկ»-ի գլխավոր հերոսների անունները։ Հեքիաթի հիման վրա Պյոտր Չայկովսկին ստեղծել է երկու ակտից «Մարդուկ-Ջարդուկ» բալետը, որի լիբրետտոյի հեղինակը Մարիուս Պետիպան է։ Ստեղծագործությունը մեկ անգամ չէ, որ էկրանավորվել է և դարձել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի սյուժե։
Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթը երկրորդ տեղում է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականին։ Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, որին անպատասխան սիրել է Անդերսենը։
Երրորդ տեղում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» չորրորդ տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։
Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...
«Առակների ժողովածու»-ն վեցերորդն է։ Այս առակների գրքում յուրաքանչյուր էջ իմաստուն մի դաս է բարության, ազնվության, ընկերության, խոհեմության և մնացած բոլոր կարևոր արժանիքների մասին։ Այս իմաստուն պատմությունների աշխարհում խոսում և մտածում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիներն ու ծառերը, իսկ յուրաքանչյուր պատմություն շշնջում է. «Կարդա՛, մտածի՛ր և սովորի՛ր»։
Յոթերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
«Հեքիաթների Ժողովածու»-ն ութերորդն է։ Ընթերցողը կիմանա՝ ուր էր այդքան շտապում ծիտը, ինչ էր եղել Կարմիր գլխարկի հետ, ովքեր էին Բրեմենյան երաժիշտները, կծանոթանա անճոռնի ճուտիկի, Մոխրոտիկի և շատ այլ հերոսների հետ, որոնք քեզ կտանեն ամենաանհավանական ճանապարհներով՝ լեցուն կախարդանքով, բարությամբ ու ժպիտներով։
Իններորդ հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» էպոսի մանկապատանեկան մշակումը վերջին տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +3 | Էռնստ Հոֆման, «Մարդուկ-Ջարդուկը» | Դավինչի | 121 | |
| 2 | +4 | Հանս Քրիստիան Անդերսեն, «Ձյունե թագուհին» | Դավինչի | 87 | |
| 3 | * | «Շաղգամը» | Բուկինիստ | 70 | |
| 4 | +5 | Հայկ Աջապահյան, «90-ականների Երևանը» | Դավինչի | 69 | |
| 5 | * | Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» | Բուկինիստ | 65 | |
| 6 | նոր | «Առակների ժողովածու» | Դավինչի | 63 | |
| 7 | * | Ռոալդ Դալ, «Չարլին և շոկոլադի գործարանը» | Անտարես | 63 | |
| 8 | նոր | «Հեքիաթների Ժողովածու» | Դավինչի | 61 | |
| 9 | * | «Բոքոնիկը» | Բուկինիստ | 61 | |
| 10 | * | Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը» | հեղ․ հրատ | 58 |