Նոր փուլ Փարաջանովի արվեստի հանրայնացման գործում․ Կենտրոն վարչական շրջանը և Փարաջանովի թանգարանը կնքեցին հուշագիր

5 րոպեի ընթերցում

Կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժող, կինոսցենարիստ, վիզուալ արտիստ և կինեմատոգրաֆ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները հանրայնացնելու նպատակով Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի միջև կնքվեց հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի պաշտոնական արարողությանը հաջորդեց  հուշագրի հիման վրա կնքվող քառակողմ համաձայնագրի ստորագրումը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի և նկարիչներ Գարեգին Հարությունյանի ու Հարություն Աղաբալյանի միջև:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում են Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի հետ։

«Մշակույթի բաժնի հետ տարբեր ձևաչափերով իրականացրել ենք միջոցառումներ, որոնք նվիրված էին Սերգեյ Փարաջանովի թանգարանին, նրա արվեստին, հանրահռչակմանն ու հանրայնացմանը։

Դեռ անցած տարվանից պլանավորել էինք հուշագիր կնքել։ Դրա նպատակն է, որպեսզի Սերգեյ Փարաջանովի արվեստը կրկին վերաիմաստավորվի և նորից գտնի իր հանրահռչակումը՝ թե՛ դպրոցներում, թե՛ արվեստի դպրոցներում, թե՛ տարբեր միջոցառումների ընթացքում։ Այս առումով հուշագիրը շատ տեղին էր, քանի որ մինչև այդ էլ արդեն տարբեր ֆորմատներով համագործակցում էինք»,- նշեց Միքայելյանը:

Նա նաև հավելեց, որ համագործակցության շրջանակում իրականացվում է մի կարևոր նախաձեռնություն, որի ընթացքում թաղապետարանի հովանավորությամբ երկու նկարիչներ շինության վրա փարաջանովյան մոտիվներով ստեղծագործություններ են նկարել՝ տարածքին նոր շունչ հաղորդելու նպատակով։ Ըստ նրա՝ տվյալ տարածքի տուրիստական ակտիվությունը նպաստում է, որպեսզի նույնիսկ Փարաջանովի արվեստին անծանոթ մարդիկ հետաքրքրվեն, այցելեն թանգարան և տեղում ծանոթանան նրա ժառանգությանը։

«Այսպիսով, հուշագիրը ոչ թե մեկնարկ է, այլ շարունակություն մեր համագործակցության»,- եզրափակեց թանգարանի տնօրենը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն էլ, անդրադառնալով համագործակցության հեռանկարներին, ընդգծեց, որ մուրալների արվեստն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացնում հանրության շրջանում։

Նրա խոսքով՝ սա իրենց առաջին համագործակցություններից է, որի նպատակն է հայկական արվեստն ավելի մասսայական դարձնել և հասանելի տարբեր հասարակական շերտերի համար։ «Կարծում եմ՝ մեզ հաջողվեց թանգարանային արվեստը և ընդհանուր հայկական մշակույթը մոտեցնել ավելի լայն լսարանին՝ ծանոթացնելով նրանց մեր մեծերի գործերին»,- նշեց նա։

Պետոյանը հավելեց, որ քաղաքում արդեն իսկ առկա են փարաջանովյան մոտիվներով մուրալներ, և այս նախաձեռնությունը դրանց շարունակությունն է։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում են նաև ազատ ոճի նոր մուրալներ՝ տարբեր արտիստների ներգրավմամբ։  

Անդրադառնալով Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ ստորագրված հուշագրին՝ նա նշեց, որ ցանկանում է վարչական շրջանի շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, առավելագույնս ծառայեցնել հանրությանը։ Նրա խոսքով՝ շենքն արդեն հարթակ է դարձել տարբեր նախաձեռնությունների համար․ վերջերս կազմակերպվել են երիտասարդական միջոցառումներ, իսկ առաջիկայում նախատեսվում են նաև բաց երաժշտական ծրագրեր վարչական շենքի պատշգամբից։

«Ես շատ կուզեմ, որ մեր շենքում ունենանք նաև մասնակի ցուցադրություններ՝ թանգարանի հետ համատեղ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ նման միջոցառումները կծառայեն թե՛ մշակույթի հանրայնացմանը, թե՛ թանգարան այցելությունների խթանմանը։

Պետոյանը նաև նշեց, որ համագործակցության այս ձևաչափը դիտարկվում է որպես պիլոտային ծրագիր, որը հետագայում կարող է ընդլայնվել։ Նա հիշեցրեց, որ նախկինում արդեն իրականացվել են ցուցադրություններ արվեստի դպրոցների հետ, այդ թվում՝ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությունը վարչական շենքում։

 Նրա խոսքով՝ վարչական շենքի նախասրահը մեծ հոսք ունի, և այնտեղ ներկայացված մի քանի նմուշ անգամ կարող են հետաքրքրություն առաջացնել, որպեսզի մարդիկ հետագայում այցելեն արդեն բուն թանգարան և ծանոթանան ամբողջական ցուցադրությանը։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները