Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի հարաբերությունները մեծապես կախված կլինեն ԱՄՆ-ի և Իրանի միջև կայանալիք բանակցություններից. Շահան Գանտահարյան

7 րոպեի ընթերցում

«Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հետագա հարաբերությունների ընթացքը մեծապես կախված կլինի ԱՄՆ-Իրան բանակցություններից, որոնք նախատեսված են փետրվարի 26-ին Ժնևում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի հենակետերին հասցված հարվածներին, Լիբանանում առկա իրավիճակին և մերձավորարևելյան լարված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր հեռանկարին։  

«Իսրայելի կողմից հրադադարը պարբերաբար չի հարգվում։ Վերջին օրերին իսրայելական կողմն ավելի է սաստկացրել իր հարձակումները։ Բացի դրանից, բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր են պտտվում լիբանանյան օդային տարածքների վրա։ Կարծում եմ, որ խնդիրը մեծապես կապված է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների հետ։ Ժնևում կայանալու են բանակցություններ, մինչ այդ Իրանը պետք է գրավոր առաջարկներ հղեր ամերիկյան կողմին։ Կա հավանական համաձայնագրի նախագիծ, որի վրա աշխատում են։ Այս բոլորը ճնշամիջոցներ են, որպեսզի Իրանն ընդառաջի Միացյալ Նահանգների թելադրած կանոններին։ Հիմնական մեխը նաև այն է, որ Իսրայելը պահանջում է, որպեսզի բանակցություններն ունենան փաթեթային օրակարգ և այս հանգրվանում չբավարարվեն միայն Իրանի միջուկային ծրագրով»,- ասաց Գանտահարյանը։

Նա հավելեց, որ իսրայելական կողմը ցանկանում է տեսնել համապարփակ համաձայնություն, ուստի պահանջների մեջ միաժամանակ առաջ է քաշում իրանական բալիստիկ հեռահար հրթիռների ռազմարդյունաբերության դադարեցման, ինչպես նաև Իրանին աջակցող պրոքսի ուժերի, այդ թվում՝ «Հըզբոլլահ»-ի չեզոքացման հարցերը։

«Լիբանանի հարավում գտնվող որոշ թիրախներին հարվածելու գործողությունների ավելի սաստակցումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Հրադադարի համաձայնությունից հետո Լիբանանի և Իսրայելի միջև պետք է լիներ սահմանազատման գործընթաց։ Փուլ առ փուլ համաձայնությունները ՄԱԿ-ի 1701 բանաձևի գործածությամբ պետք է կյանքի կոչվեին։ Առաջին փուլի համաձայն՝ «Հըզբոլլահ»-ը հետ էր քաշվել նախնական դիրքերից, որտեղ այժմ տեղակայված են լիբանանյան բանակի ստորաբաժանումները։ Հիմա բանակցություններ չկան։ Պաշտոնական Բեյրութը դատապարտում է Իսրայելի ոտնձգությունները»,- նշեց մեր զրուցակիցը։

Գանտահարյանը հայտնեց, որ «Հըզբոլլահ»-ը չի հակադարձում իսրայելական բանակի գործողություններին, հարգում է հրադադարը, բայց նաև Իսրայելի կողմից հասցված վերջին հարվածներից հետո իրավիճակը որոշ չափով փոխվել է։ Իսկ Իրանը շարունակում է պահպանել իր ազդեցության գոտիները նաև քաղաքական կյանքում, որովհետև շիա համայնքը ամենից շատ ասոցացվում է «Հըզբոլլահ»-ի հետ։ Ըստ Գանտահարյանի՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով գործընթացները     կանխատեսելիս պետք է նկատի ունենալ բոլոր խաղաքարտերը։      

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը հիշեցրեց, որ մայիսին նախատեսված են  Լիբանանի խորհրդարանի նոր ընտրությունները։ Սահմանադրական ժամկետի համաձայն՝ լրանում է գործող խորհրդարանի մանդատի և լիազորությունների ժամանակը։

«Բայց հիմա հնչում են հայտարարություններ, որ պետք է հետաձգել ընտրությունները։ Քաղաքական ուժերը որոշակի հաշվարկներ են կատարում, ցանկանում  են ավելի լավ պատրաստվել այդ գործընթացին, քանզի խաղաթղթերը խառնվել են։ Մյուս կողմից էլ կա պահանջ, որ ընտրությունները կայանան նախանշված ժամկետում, ինչը կարևոր է պետության կայացման համար։ Սա ևս ինչ-որ թելերով կապված է Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների ընթացքի և արդյունքների հետ։ Ներքին առումով հիմնական օրակարգը վերաբերում է լիբանանյան ընտրությունների անցկացմանը կամ հետաձգմանը։ Քաղաքական բոլոր վերլուծություններում առկա է  վերոհիշյալ պատճառահետևանքային կապը»,- ասաց Գանտահարյանը։   

Անդրադառնալով Լիբանանի հայկական համայնքի շրջանում տիրող տրամադրություններին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ հայկական համայնքը, լինելով լիբանանյան հասարակության անբաժանելի մասը, իր վրա նույնպես կրում է երկրի քաղաքական, տնտեսական և անվտանգային իրավիճակի հետևանքները։   

«Անորոշությունը մեծ է, բայց հայկական համայնքի կառույցներն ու կազմակերպությունները շարունակում են աշխատել։ Եթե ընտրությունները կայանան, ապա հայկական համայնքն ակտիվորեն կմասնակցի այդ գործընթացին, որովհետև Լիբանանը միջհամայնքային համակարգի վրա կառուցված պետություն է։ Պատգամավորներ ունենալու և ընդհանրապես պետական ինստիտուտներում ներկայացվածությունը պահպանելու մեր համայնքի իրավունքները մեզ համար շատ կարևոր են»,- նշեց Գանտահարյանը։  

Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից հասցվող հարվածները սահմանափակ են, կրում են լոկալ բնույթ։ Բացի հարավային գոտիներից, մնացած շրջաններում խուճապային իրավիճակ չկա, թեև անորոշությունը մեծ է, և էսկալացիան, անշուշտ, կարող է ունենալ լուրջ ֆինանսատնտեսական հետևանքներ, առավել ևս, որ Լիբանանի տնտեսությունն իր բանկային համակարգով արդեն իսկ զգալի հարվածներ ստացավ տնտեսական վերջին ճգնաժամի պատճառով։  

«Այս ամենը, բնականաբար, մտահոգում է հայկական համայնքին, որը կարևոր բաղադրիչ է լիբանանյան հասարակական-քաղաքական կյանքում»,- եզրափակեց Գանտահարյանը։    

Իսրայելական ուժերն օրեր առաջ ռմբակոծություն են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջբեյլ շրջանի Յարուն բնակավայրի ուղղությամբ: Նաև թիրախավորվել է երկրի հարավում գտնվող Թաբնա բնակավայրը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտներին Լիբանանի հարավում գտնվող մի քանի տարածքներում։

2024 թ. նոյեմբերի վերջին «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր այն պարբերաբար խախտվել է, ինչի հետևանքով հարյուրավոր լիբանանցիներ են զոհվել և վիրավորվել, ինչպես նաև լայնածավալ նյութական ավերածություններ են արձանագրվել։

Բացի այդ, իսրայելական բանակը, չնայած հրադադարի համաձայնագրին, մասամբ է դուրս եկել Լիբանանի հարավից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին մարտերի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Հայերեն Русский

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները