Երրորդ և հաջորդ երեխայի համար նախատեսված նպաստի շնորհիվ ընտանիքը կարող է 6 տարում ավելի քան 11 հազար դոլարի աջակցություն ստանալ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի համար տրամադրվող նպաստներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում նախարարը նախ հիշեցրել է, որ Կառավարության անցած նիստում վերջնականապես հաստատվել է երրորդ և հաջորդ երեխային նպաստների տրամադրման կարգը։
«Դուք գիտեք, որ այն այսուհետ պետական նպաստ է համարվում և վճարվում է երրորդ և հաջորդ երեխային՝ ամսական 50 հազար դրամի չափով՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Եվ ես ուզում եմ մի երկու թվաբանություն անենք, որպեսզի պարզվի, թե որքան գումար ենք հատկացնում ընտանիքին երեխայի համար։ Գիտեք, որ խոսքն ամսական 50 հազար դրամի մասին է, որը բազմապատկում ենք 12-ով, տարեկան ստացվում է 600 հազար դրամ, իսկ 600 հազարը բազմապատկում ենք 6 տարով, որը հավասար է 3 միլիոն 600 դրամ։ Սա մի փոքր քիչ է 10 հազար դոլարից։ Բայց, քանի որ մենք վճարում ենք մինչև 20 տոկոս հետվճար ՝ 10 հազար դրամի չափով, այդ 50 հազար դրամը կարող է դառնալ 60 հազար դրամ։ Եվ հետևաբար, տարեկան նպաստի չափը իրականում կարող է դառնալ 720 հազար դրամ, իսկ 6 տարվա կտրվածքով՝ 4 միլիոն 320 հազար դրամ։ Դա մոտավորապես 11 հազար 400 դոլար է»,- մանրամասնել է նա։
Նախարարը հավելել է, որ սա էական աջակցություն է շատ ընտանիքների։ Նրա խոսքով՝ այս ծրագրի շնորհիվ երրորդ երեխաների ծնելության աճ է արձանագրվել, ինչը շատ կարևոր է թե՛ ժողովրդագրության իմաստով, թե՛ ընտանիքների համար։