Մարզեր

Գյումրիում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման առաջարկների ընտրության գործընթացը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման առաջարկների ընտրության գործընթացը

Շիրակի մարզի Գյումրի համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մասնակցային բյուջետավորման գործողությունների համակարգման հանձնաժողովի քարտուղար Լենա Մխիթարյանը, համայնքապետարանը ստացել էր հինգ հայտ, որոնցից մեկը մերժվել է, իսկ երկուսը, լինելով բովանդակությամբ միանման, միավորվել են մեկ նախագծի մեջ։ Այս պահին քվեարկության փուլում է երեք հիմնական հայտ՝ բաց ամֆիթատրոնի կառուցումը, Գյումրիի «Հաղթանակի» զբոսայգու զարգացման և համալիր բարեկարգման ծրագիրը, շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգումը՝ վերածելով այն բազմաֆունկցիոնալ մարզակրթական համալիրի։

Մասնակցային բյուջետավորման այս գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին անմիջականորեն մասնակցել քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով և ընտրելով իրենց նախընտրած ծրագրերը։

Ներկայացված նախագծերը պետք է լինեն նոր, տեխնիկապես իրագործելի և միտված համայնքային խնդիրների լուծմանը, ընդ որում՝ յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 43 մլն ՀՀ դրամը։

Լենա Մխիթարյանի փոխանցմամբ՝ հաղթող կճանաչվի այն հայտը, որը մինչև մարտի 8-ը կհաղթահարի ձայների նվազագույն՝ 2612 շեմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում