Բոլոր ԲԿ-ները պարտավոր են անընդհատ վերանայել իրենց ենթակառուցվածքներն ու որակի նկատմամբ պահանջները․ Ավանեսյան
2 րոպեի ընթերցում

Ներդրված լիցենզավորման համակարգի շրջանակներում բոլոր բժշկական կենտրոնները պարտավոր են իրենց ենթակառուցվածքներն ու որակի նկատմամբ պահանջներն անընդհատ վերանայել և համապատասխանեցնել ժամանակակից ստանդարտներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 11-ի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կարևորելով բժշկական կենտրոնների լիցենզավորման հնգամյա շրջափուլը, որը գործարկվել է անցած տարվանից։
«Բոլոր բժշկական կենտրոնները պարտավոր են իրենց ենթակառուցվածքներն ու որակի նկատմամբ պահանջներն անընդհատ վերանայել և համապատասխանեցնել ժամանակակից ստանդարտներին։ Մենք ունեինք ԲԿ-ներ, որտեղ առողջապահական ծառայությունները վերջին անգամ լիցենզավորվել էին 2000-ականների սկզբին»,-նշեց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ լիցենզավորման նպատակն է, որ ԲԿ-ներն ունենան կանխատեսելի շրջափուլ՝ անընդհատ թարմացնելով իրենց կարողությունները դրա ապահովման համար։
Անդրադառնալով առողջապահական ծառայությունների որակի բարելավման մյուս միջոցառմանը` նախարարն ընդգծեց մասնագետների լիցենզավորման համակարգի ներդրումը, որի առաջին փուլով անցած տարի մոտ 1000 կլինիկական օրդինատորներ ու ռեզիդենտներ են լիցենզավորվել։
Ընթացիկ տարում էլ կմեկնարկի արդեն մասնագետների լիցենզավորման գործընթացը։