Հայաստանում կառուցվող 29 ամբուլատորիաներից մի քանիսը շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում
2 րոպեի ընթերցում

Առաջին փուլով հանրապետությունում նախատեսվող 29 ամբուլատորիաների շինարարական աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում և ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում դրանցից առաջինները կհանձնվեն շահագործման։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 11-ի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահական ենթակառուցվածքներում պետական ներդրումներին։
«Պետության ներդրումն առաջնային օղակի զարգացման մեջ, կարծում եմ, այս ծրագրով լրջորեն ընդգծվում է։ Երբ առողջապահության ընդհանուր ապահովագրության ներդրման ժամանակ հարցնում էին, թե արդյոք պատրաստ է առաջնային օղակը, ես միշտ ընդգծում էի, որ այս գործընթացները զուգահեռ պիտի ընթանան՝ մի կողմից կապիտալ ներդրումներ, մյուս կողմից՝ ծառայությունների հասանելիություն բնակչության համար»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ փոխվել է նաև մարզային պոլիկիլինիկաների կոնցեպտը։ Մասնավորապես՝ մարզային 2 պոլիկլինիկաների հիմնանորոգման նպատակով իրականացված փորձաքննությունների արդյունքում որոշվել է նոր շենքեր կառուցել, քանի որ հին շենքերը նոր կոնցեպտին համապատասխանեցնելը կամ թանկարժեք է, կամ անհնար։
Ըստ Ավանեսյանի՝ մարզկենտրոններում նախագծվել են մինչև 25 հազար և մինչև 50 հազար բուժառուի սպասարկման համար նախատեսվող տիպային ժամանակակից պոլիկլինիկաներ, որոնց իրագործումը նախատեսվում է առաջիկայում։