Մարզեր

2026-ի համար Արթիկ համայնքը նախնական 3․5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է նախապատրաստել

3 րոպեի ընթերցում

2026-ի համար Արթիկ համայնքը նախնական 3․5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է նախապատրաստել

Շիրակի մարզի Արթիկ համայնքը 2026 թվականի համար նախապատրաստել է նախնական 3․5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի փաթեթ, որի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արթիկի համայնքապետարանից, սուբվենցիոն ծրագրերն ուղղված են բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների սալարկմանը, արտաքին և ներքին լուսավորության բարելավմանը, խմելու ջրի ներքին ցանցերի արդիականացմանը, ոռոգման համակարգերի զարգացմանը և խաղահրապարակների կառուցմանը։

Կատարված և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ Արթիկ համայնքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են 2026 թվականի անելիքները, արդեն պլանավորված ծրագրերը և դրանց իրականացման վերահսկողությանը վերաբերող հարցերը։

«2025 թվականին մարզում իրականացվել են լուրջ ներդրումներ, քաղաքաշինության ոլորտում կատարվել է մեծածավալ աշխատանք։ Այս արդյունքները պատահական չեն․ դրանք հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության արդյունք են։ Մեր հիմնական նպատակը պետք է լինի 2026 թվականին ոչ միայն պահպանել ձեռք բերվածը, այլև չդանդաղեցնել զարգացման տեմպերը՝ առաջ շարժվելով ավելի հավակնոտ ծրագրերով։ Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում անելիքները առավել քան կարևոր են, և այստեղ յուրաքանչյուրիս հետևողականությունը վճռորոշ նշանակություն ունի։ Հետևողականությունն ու պատասխանատվությունը պահանջվում են բոլորից․ մենք հապաղելու տեղ չունենք և թերանալու իրավունք չունենք, քանի որ մեր աշխատանքի արդյունքները պետք է ծառայեն մեր համայնքների և քաղաքացիների բարեկեցությանը»,-ընդգծել է մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ բարձր գնահատելով համայնքների նախաձեռնողականությունն ու պետական միջոցները նպատակային ծախսելու հարցում ցուցաբերված պատասխանատվությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականին իրականացված աշխատանքներին։ Նշվել է, որ 2025-ին Արթիկ համայնքը պետության հետ համագործակցությամբ իրականացրել է 1 մլրդ 316 մլն դրամ արժողությամբ 9 սուբվենցիոն ծրագիր՝ ներառելով 50 ենթածրագիր։ Աշխատանքներ են իրականացվել համայնքի 22 բնակավայրում։

2025 թվականին Արթիկում պետական աջակցությամբ վերանորոգվել է 5 դպրոց՝ ընդհանուր 1 մլրդ 11 մլն 879 հազար դրամ արժողությամբ։

Համայնքում ընթացքի մեջ են 4 դպրոցի կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 6 մլրդ 965 մլն դրամ արժողությամբ։ Կառուցվում է նաև 2 մանկապարտեզ՝ 1 մլրդ 608 մլն դրամի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում