Աշխարհ

Լիբիայի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 53 միգրանտ

2 րոպեի ընթերցում

Լիբիայի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 53 միգրանտ

Լիբիայի ափերի մոտ 55 ներգաղթյալի տեղափոխող ռետինե նավակի շրջվելու հետևանքով 53 մարդ, այդ թվում՝ երկու նորածին, մահացել կամ անհետ կորել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 9-ին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խոսնակը։

Նավակը շրջվել է Լիբիայի Զուարա քաղաքի հյուսիսում փետրվարի 6-ին։ Լիբիայի իշխանությունների կողմից իրականացված որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է միայն երկու նիգերիացի կին։

ՄՄԿ-ի թիմերը համապատասխան մարմինների հետ համակարգված երկու ողջ մնացածներին շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել։

Փրկվածների վկայությունների համաձայն՝ աֆրիկյան երկրների ներգաղթյալների և փախստականների տեղափոխող նավակը փետրվարի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մեկնել է Լիբիայի ափից, սակայն մոտ վեց ժամ անց շրջվել է։

ՄՄԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ միայն հունվարին Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում ծայրահեղ եղանակային պայմաններում տեղի ունեցած բազմաթիվ նավաբեկությունների հետևանքով առնվազն 375 միգրանտ է մահացել կամ անհետ կորել, իսկ հարյուրավոր այլ մահեր, ենթադրաբար, չեն գրանցվել։

Իսկ 2025 թվականին Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում անհետ կորել է ավելի քան 1300 միգրանտ։

ՄՄԿ-ն զգուշացնում է, որ թրաֆիքինգի և մաքսանենգության ցանցերը շարունակում են ներգաղթյալներին Միջերկրածովյան երթուղով տեղափոխել նավարկության համար ոչ պիտանի նավակներով՝ ստանալով շահույթ և միաժամանակ մարդկանց ենթարկելով լուրջ չարաշահումների։

ՄՄԿ-ն ընդգծում է միջազգային ավելի ուժեղ համագործակցության և պաշտպանության վրա կենտրոնացած արձագանքի անհրաժեշտությունը՝ մաքսանենգության և թրաֆիքինգի ցանցերի դեմ պայքարելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում