Ռուսաստանը և Ուկրաինան 157-ական ռազմագերու փոխանակում են իրականացրել
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են վերադարձրել 157-ական ռազմագերու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ ռազմագերիներից բացի, Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզից երեք քաղաքացիական անձ։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ ԱՄԷ-ն է միջնորդ հանդիսացել ռազմագերիների փոխանակման հարցում։ ԱՄՆ-ն նույնպես միջնորդական ջանքեր է գործադրել։ Այժմ ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում։
Փետրվարի 5-ին ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը եռակողմ բանակցություններում, հայտարարել էր հինգ ամսվա ընթացքում գերիների առաջին փոխանակման մասին։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունների երկրորդ փուլն Աբու Դաբիում տեղի է ունեցել փետրվարի 4-5-ին։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ բանակցություններում կա առաջընթաց։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովն իր հերթին հայտարարել է, որ բանակցություններն «իսկապես կառուցողական են անցել»։
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։