ՀՀ ՏԿԵ նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը ՀԲ-ի հետ հարուստ աշխատանքային օրակարգ ունի և այդ օրակարգը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո գտնվող գրեթե բոլոր ոլորտներին։
Նա նկատել է, որ ՀԲ-ն Հայաստանի համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական, այլև վստահելի ռազմավարական գործընկեր՝ բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։