Խուդաթյանը մանրամասներ ներկայացրեց «Հյուսիս-hարավ» ճանապարհի շինարարության ընթացքից

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը

«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության շրջանակներում ամբողջությամբ ավարտվել են դեպի Գյումրի գնացող հատվածի շինարարական աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 3-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։  

Այդ հատվածում առաջիկա օրերին կավարտվեն նաև լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները։ Ցանցը, որպես այդպիսին, արդեն անցկացված է, հիմա միացումները կլինեն, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կհանձնվի շահագործման»,-ասաց Խուդաթյանը։   

Նրա տեղեկատվությամբ՝ հարավային հատվածում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես՝ Քաջարան-Ագարակ հատվածում ներկա պահին կատարողականը կազմում է ավելի քան 40 տոկոս։

«Այս պահին այդ շինարարությունը համարվում է Հայաստանում ամենամեծը, և 2025 թվականի ընթացքում մենք այնտեղ միջինը օրական շուրջ 65 միլիոն դրամի իրականացված աշխատանք ենք ունեցել, շուրջ 700 աշխատակից է այնտեղ աշխատել և ավելի քան 240 միավոր տեխնիկա»,-մանրամասնեց նախարարը։

Ըստ Խուդաթյանի՝ նշված հատվածում արդեն ավարտվել են 2 թունելներից մեկի փորման աշխատանքները, իսկ մյուսինը կատարվել է զգալի չափով։  

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրանցից մեկը վերջին 30 տարում զրոյից փորված և ամենաերկար թունելն է համարվում Հայաստանում։

Այդ հատվածում նախատեսված է նաև 15 կամրջի շինարարություն, որոնցից 14-ի մասով ներկայում աշխատանքներ են իրականացվում։

Ամփոփվել է Քաջարանի թունելի կառուցման մրցույթը, իսկ առաջիկայում կկնքվի նաև համապատասխան պայմանագիրը։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև թունելին մոտեցող հատվածում։ Խուդաթյանի խոսքով՝ Քաջարանի թունելի բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թվականին։  

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文