Մշակույթ

Իդեալական աշխարհում յուրաքանչյուրը պետք է ստեղծագործի. կոմպոզիտոր Ալեքս Սոլելին՝ երևանյան համերգի, երաժշտության և Հայաստանի հանդեպ սիրո մասին

14 րոպեի ընթերցում

Իդեալական աշխարհում յուրաքանչյուրը պետք է ստեղծագործի. կոմպոզիտոր Ալեքս Սոլելին՝ երևանյան համերգի, երաժշտության և Հայաստանի հանդեպ սիրո մասին

Ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքս Սոլելին, որը մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր է, սիրում է Հայաստանը, որի հետ ծանոթացել է տարիներ առաջ։ Երիտասարդ արտիստի երաժշտական կարիերայում Երևանն առանցքային դեր է խաղացել։ Հենց Երևանում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում է կայացել նրա Fuss ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը Diamond Prize և Excellent Technique Special Award-ի է արժանացել որպես «Օրիգինալ ստեղծագործություն» (Original Composition), ինչի շնորհիվ Սոլելին ժամանակակից դասական երաժշտարվեստում ընդունվում է որպես հեռանկարային արտիստ։

Սոլելին Երևան էր վերադարձել նոր համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ փետրվարի 1-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։

«Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել երաժշտին հանդիպելու և նրա հետ զրուցելու հնարավորությունը։

-Բարև Ձեզ, Ալեքս։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։

-Բարև Ձեզ։ Ես ևս շնորհակալ եմ։

-Ձեր մասին ասում են՝ ոչ միայն տաղանդավոր կոմպոզիտոր է, դաշնակահար, այլև ստեղծագործող մարդ, որը պատրաստ է իր հույզերն ու ապրումները փոխանցել հանրությանը։ Ինչպե՞ս հասկացաք, որ հենց երաժշտության լեզվով եք ցանկանում երկխոսել աշխարհի հետ։

-Կարծում եմ՝ ստեղծագործող մարդու համար դա բնական երևույթ է. բոլորն են ցանկանում իրենց ստեղծածը փոխանցել ուրիշներին։  Ուզում ես որևէ հետք թողնել քեզնից հետո, իսկ եթե հաջողվում է պատմության մեջ մնալ երաժշտությամբ, գրականությամբ, կերպարվեստով կամ կինոյի միջոցով, հրաշալի է։

Շատ հաճելի է մտքերը, գաղափարները, ապրումները տալ հանդիսատեսին, հաճելի է, երբ այդ ամենն արձագանք է գտնում։ Անկախ նրանից, թե ինչ գաղափարներ ես արտահայտում արվեստի միջոցով, միշտ կգտնվեն մարդիկ, որոնց դա դուր կգա։ Մնում է գտնել միմյանց։  Չնայած բոլորս յուրահատուկ ենք, ինքնատիպ ենք՝ ես հավատում եմ, որ աշխարհում շատ են հոգևոր արժեքներով միմյանց հետ կապված մարդիկ։ Հավանաբար դա է պատճառը, որ հիմա այսքան շատ են երաժշտության ուղղություններն ու ճյուղերը։ Ինչ էլ ստեղծես, նոր ու անսովոր բան մտածես, կլինեն մարդիկ, որոնք կզգան, որ իրենց համար է ստեղծված այդ ամենը։

-Իսկ ովքե՞ր սկզբում հավատացին Ձեզ ու Ձեր արվեստին, սատարեցին՝ ասելով, որ կարող եք նվաճումներ ունենալ։

-Եթե անկեղծ, նման երկխոսություն չեմ հիշում։ Հավանաբար նման խոսքեր լսելու անհրաժեշտություն չեմ զգացել։ Վստահ եմ, որ ամեն մարդ կարող է և պետք է  ստեղծագործի։ Իդեալական աշխարհում պետք է այդպես լինի։ Մարդիկ պետք է ինչ-որ բան հորինեն, անսահման արվեստի հոսք ստեղծեն, բայց ժամանակը ցույց կտա, թե այդ ստեղծածից ինչը կմնա, ինչը կմոռացվի։

-Ստեղծագործում եք ժամանակակից դասական երաժշտության (Modern Classical Music) ժանրում. ինչո՞ւ հենց այդ ուղղությունն ընտրեցիք։

-Հատուկ չեմ ընտրել այդ ժանրը։ Այնպես չէ, որ նստել եմ դաշնամուրի առաջ ու խորհել այդ մասին։ Պարզապես ձեռքերս դնում եմ ստեղներին, փակում եմ աչքերս, և երաժշտությունը գալիս է, երբեմն էլ չի գալիս։ Այս ժանրը նաև անվանում են մինիմալիստական, նեոկլասիկա։

-Ինչի՞ մասին եք մտածում աշխատելիս, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։

-Ապրումներից է ծնվում իմ մեղեդին, դրական ու բացասական հույզերից, այն ամենից, ինչը հույզերի տարափ է բերում։ Երաժշտությունն ինքնաթերապիա է։ Արտահայտվում ես դրա միջոցով։ Այն, ինչ ազդեցություն է ունենում մեզ վրա, կարող է այս կամ այն ստեղծագործության ստեղծման առիթ դառնալ։

-Ձեր երաժշտությունը շատ ռոմանտիկ է, հոգեթով է, հասնում է ունկնդրի սրտին։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք ևս ռոմանտիկ եք, բարի։

-Հաճելի է, որ այդպես եք բնութագրում այն։ Եթե ինքս նման երաժշտություն ունկնդրեմ,  կարծում եմ՝ այն նկարագրելիս նման բառեր կընտրեմ։

-Կրթություն եք ստացել Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, հետո՝ Բոստոնում՝ Բերկլիի երաժշտական քոլեջում։ Այժմ ելույթներ եք ունենում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում։ Հե՞շտ ճանապարհ եք անցել մինչև Ձեր սեփական նախագծերը մշակելը։

-Երբեք պատվերով երաժշտություն չեմ գրել։ 2024 թվականից մի փոքր ավելի վաղ  որոշեցի փորձել կատարել իմ երաժշտությունը։ Հատկապես ակադեմիական կրթությամբ երաժիշտների համար գոյություն ունեն մեծանուն դասականների երաժշտությունը և ժամանակակից երաժշտությունը, որը դեռ չի անցել ժամանակի փորձության միջով, ուստի, որպես օրենք, նախապատվությունը տրվում է դասական գործերին։ Ես ևս այդպես էի մտածում, սակայն կամաց-կամաց իմ մտքում  ձևավորվեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է նոր բան ստեղծել, չվախենալ արտահայտվել։ Եթե ուշադիր լինենք, կփաստենք, որ մեծանուն երաժիշտները ևս ժամանակին չեն բավարարվել այլ մեծերի գործերը կատարելով և նոր բան են ստեղծել։ Ըստ իս՝ յուրաքանչյուրն ունի դրա իրավունքը։ Ասում են՝ մինչ մեզ ամեն բան արդեն եղել է մեզնից բացի։ Ինձ թույլ տվեցի դա անել։ Ինձ համար էլ անսպասելի և զարմանալի էր, որ ամեն բան հաջող ընթացավ, քանի որ հաջողվում է գտնել իմ ունկնդրին, մարդկանց, որոնց սրտերում իմ երաժշտությունն արձագանք է  գտնում։

-Ձեր առաջին ալբոմը կոչվում է Piano Solely. հենց այդ ալբոմն արծաթե մեդալի է արժանացել  Global Music Awards 2024-ին։ Այդ իրադարձությունը որևէ բան փոխե՞ց  Ձեր կյանքում։

-Միշտ հաճելի է, երբ գործընկերներդ գնահատում են աշխատանքդ, բայց, ընդհանուր առմամբ, նման մրցանակները շատ մեծ դերակատարություն չունեն։ Շատ եմ արժևորում կենդանի ելույթները։ Համերգներով եմ հանդես գալիս, ոչ թե ուղղակի նստում եմ ստուդիայում ու ձայնագրություններ անում՝ իմ երաժշտությունը հանրայնացնելով համապատասխան երաժշտական հարթակներում, ինչը ևս լավ ճանապարհ է։ Ճանաչում եմ բազմաթիվ երաժիշտների, որոնց համար այդպես  ունկնդրի հետ զրուցելն ավելի հարմարավետ է։ Ես շատ եմ սիրում կենդանի համերգները, սիրում եմ հանդիսատեսի հետ հաղորդակցությունը, էներգիաների փոխանակումը։ Մրցանակն ուղղակի հաճելի է. ասես  որևէ մեկից հաճոյախոսություն ստանաս, շոյվես ու առաջ գնաս։

-Ամեն դեպքում՝ ալբոմներ ձայնագրում եք։ Ե՞րբ է թողարկվելու երկրորդը։

-Այն կոչվելու է Cascade։ Մինչ առաջին և երկրորդ ալբոմները մի չնախատեսված ալբոմ ևս եղել է՝ The Home Concert-ը. կենդանի կատարումների ալբոմ է, որում  ներառվել են գործեր, որոնք կան առաջին և երկրորդ սկավառակներում։ Ղազախստանում համերգների էի և բնավ համերգը ձայնագրելու մտադրություն չունեի։ Ասես ընտանեկան մթնոլորտում հանդիպում լիներ հանդիսատեսի հետ։ Նվագում էի Ղազախստանից ջութակահար Արտյոմ Լենի հետ, և սովորական տեխնիկական ձայնագրություն արվեց, սակայն այնքան հրաշալի ստացվեց, որ թողարկվեց։

-Իսկ նոր ալբոմի անվանումը որևէ կապ ունի՞ երևանյան Կասկադի հետ։

-Ալբոմի ստեղծագործություններից մեկն է այդպես կոչվում։ Այդպես եմ անվանել, քանի որ այն կապված է Երևանի, Կասկադի հետ։ Նախորդ տարի փետրվարին համերգով հանդես եկա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի դահլիճում։ Երբ դահլիճում փորձ էի անում, ծնվեց «Կասկադ»-ը։ Մինչ այդ համերգն արդեն փոքր համերգով ներկայացել էի Երևանում։

-Չեմ ապրել Խորհրդային շրջանում, սակայն շատ եմ լսել, որ այդ տարիներին Հայաստանում հանդիսատեսը շատ խիստ է եղել։ Կարծում եմ՝ հիմա ավելի բաց է նորարարությունների առաջ։ Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել։

-Շատ ուշադիր են ունկնդրում երաժշտությունը, իսկ ընտրողաբար մոտենալը խոսում է հանդիսատեսի լավ երաժշտական ճաշակի մասին։ Ցանկանում ենք, թե ոչ, բայց, եթե մենք բարձրացնում ենք մեր ճաշակը, բնականաբար դժվար է դառնում ընդունել մի բան, որը չի համապատասխանում մեր սահմանած պահանջներին։ Այն, որ տեղի հանդիսատեսը բաց է նորարարության առաջ, հրաշալի է։  Հիշեցի իմ դասախոսներից Վալենտինա Անտոնովնա Բոգուշևայի խոսքերը. նա ասում էր, որ ըստ արժանվույն կարող է գնահատել կա՛մ քեզ հավասարը, կա՛մ մաքուր սրտով մարդը։

-Իսկ  ծանո՞թ եք հայ կոմպոզիտորներին։

-Ծանոթ եմ դասականներին՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, որոնց նաև  ուսումնասիրել ենք սովորելու տարիներին։

-Ժամանակակիցները նշում են, որ Առնո Բաբաջանյանը ոչ միայն հրաշալի կոմպոզիտոր էր, այլև հանճարեղ դաշնակահար, սակայն նա ավելի շատ սիրել է ստեղծագործել, քան հանդես գալ որպես կատարող։ Դուք և՛ երաժշտություն եք գրում, և՛ կատարում եք այն։ Ո՞ր դաշտում եք Ձեզ ավելի հարմարավետ զգում։

-Բաբաջանյանին մեծարել են Խաչատրյանը, Ռախմանինովը և այլք։ Նա իսկապես ականավոր կոմպոզիտոր է։ Զարմանալի չէ, որ նրա երևանյան հուշարձանն այսքան վառ է ու գեղեցիկ։ Երևանի բոլոր քանդակներն եմ հավանում, որովհետև անսովոր են։ Գուցե Ձեզ համար սովորական են, քանի որ շրջապատված եք նրանցով։ Շատ երկրներում, քաղաքներում եմ եղել և հստակ կարող եմ ասել, որ ձեր հուշարձաններն առանձնահատուկ են, վառ են ու հույզեր են արթնացնում։ Բաբաջանյանի քանդակը ստիպում է կանգ առնել, այն ձգում է դեպի իրեն։ Բաբաջանյանի հսկա ձեռքերը... Հասկանալի է, որ քանդակն արվեստի գործ է, ունի գեղարվեստական լուծումներ և հրաշալի է։ Բաբաջանյանը փայլուն տեխնիկայով դաշնակահար էր և գիտեմ, որ ունի մի քանի ստեղծագործություն, որոնք ինքը շատ հեշտությամբ է կատարել, սակայն այլ դաշնակահարները հրաժարվել են դրանք կատարել, քանի որ չեն կարողացել։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, պետք է խոստովանեմ, որ ինքս ինձ երբեք նման հարց չեմ տվել, չեմ մտածել այդ մասին։ Որպես ունկնդիր՝ ինձ դուր է գալիս, երբ կոմպոզիտորն իր գործերն է  կատարում։  Միշտ հետաքրքիր է, թե ինչպես է զգում ու արտահայտում իր զգացածը հեղինակը, եթե անգամ նրա կատարումն իդեալական չէ։

-Շատ հաճելի է, որ Ձեզ գրավել են մեր քաղաքի քանդակները... Խոսենք երևանյան համերգից։ Ի՞նչ է սպասվում։ Միայնա՞կ եք լինելու բեմում, թե՞ նվագախմբի, երաժիշտների փոքր կազմի հետ։

-Նվագելու եմ՝ համագործակցելով տեղի երաժիշտների հետ։ Կլինեն դաշնամուր, ջութակ, թավջութակ, պերկուսիա, էլեկտրոնային դաշնամուր և կոնտրաբաս։ Այս խումբը հատուկ այս համերգի համար է ստեղծվել։ Սիրում եմ  նվագել այն երկրների երաժիշտների հետ, ուր այցելում եմ։ Նոր ծանոթություն, շփում, ստեղծագործական ու էներգետիկ փորձի փոխանակում է տեղի ունենում։ Ինձ նաև դուր է գալիս ճանաչել ու լսել, թե ինչպես են տարբեր երաժիշտներն ընկալում իմ երաժշտությունը։ Դա երբեմն նոր գաղափարների է ծառայում։

Յուրաքանչյուր համերգի համար հատուկ ծրագիր եմ ընտրում՝ ելնելով նրանից, թե ում հետ եմ աշխատելու, անգամ կարող եմ փոփոխել ծրագիրը, նոր գործիքավորում անել՝ տվյալ երաժիշտների հետ ավելի ներդաշնակ լինելու համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ նրանց հաճելի լինի նվագելը։ Բոլոր երաժիշտները շատ տարբեր են, նրանց անցած ճանապարհը տարբեր է, նրանք իրենց պատկերացումներն ունեն, և ես այդ ամենը հաշվի եմ առնում։ Չեմ ցանկանում, որ հրավիրված երաժիշտները համերգներն ընկալեն որպես աշխատանք, ուզում եմ բավականություն ստանան, որ մարդկային ու ստեղծագործական երկխոսություն լինի բեմում և հանդիսատեսի հետ։

-Իմպրովիզացիներ անո՞ւմ եք։

-Երկար տարիներ ջազ եմ նվագել, աշխատել եմ տարբեր անսամբլների հետ, որոնց աշխատանքի կարևոր մասը իմպրովիզն է եղել։  Ինձ համար ևս դա շատ կարևոր է։ Մեր  ոչ մի համերգ նման չէ մյուսին։ Միշտ մի բան փոխվում է. կազմը, գործիքավորումը, տրամադրությունը։ Երևանյան համերգին ևս կլինեն իմպրովիզներ, և երաժիշտներից յուրաքանչյուրը կկարողանա արտահայտվել։ Սպասվում է ջերմ, անկեղծ, հոգևոր երեկո։

-Ալեքս, ևս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում և հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք։

-Շնորհակալություն։

Ալեքս Սոլելիի երևանյան համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, ջերմ մթնոլորտում, ինչպես և խոստացել էր երաժիշտը։ Հնչեցին  Fuss-ը,  նոր ստեղծագործություններ, որոնք արտացոլում են կոմպոզիտորի ներկայիս կյանքն ու զգացողությունները։ Թե՛ հանդիսատեսը, թե՛ երաժիշտը ոգևորված էին։ Սոլելին հայերեն ողջունեց ունկնդրին, ասաց, որ սկսել է հայերեն սովորել, քանի որ այն գեղեցիկ լեզու է և խոստացավ տարեցտարի կատարելագործել այն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում