Իրան

Իրանը պատրաստակամ է իրավահավասար բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ․ Աբբաս Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստակամ է իրավահավասար բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խնդրահարույց հարցերի շուրջ լուրջ և իրավահավասար բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն դրա համար հիմքեր առայժմ չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է CNN Türk-ին տված հարցազրույցում։

«Գտնում եմ, որ ներկայում չունենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընդհանուր հիմք, քանի որ, եթե իսկապես ցանկանում ենք վարել ոչ թե պարզապես ձևական, այլ լուրջ և իրական բանակցություններ, մեզ անհրաժեշտ է մանրակրկիտ հող պատրաստել դրա համար։ Մասնավորապես, պետք է քննարկենք այդ բանակցությունների բովանդակությունը, ձևաչափը և կանոնները։ Մինչ այդ ամենի մշակումն անհրաժեշտ է խուսափել ցանկացած սպառնալիքից և ճնշում գործադրելու միջոցներից։ Արդար են այն բանակցությունները, երբ երկու կողմերն էլ պատրաստ են նստել սեղանի շուրջ և հարգալից քննարկել խնդիրները՝ լուծում գտնելու համար։ Իրանը պատրաստ է դրան»,- ասել է Արաղչին։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​գործընթացի համար պետք է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, սակայն ներկայում լուրջ բանակցություններ չեն ընթանում։ Արաղչին հայտնել է նաև, որ գրեթե ամեն օր իրենց հետ կապ են հաստատում տարբեր միջնորդներ, երրորդ երկրներ, որոնց միջոցով փոխանցվում են ԱՄՆ հաղորդագրությունները։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք պատրաստ ենք արդար և հավասարակշռված դիվանագիտության։ Սակայն երկու կողմերն էլ պետք է ընդունեն, որ բանակցությունները թելադրանք չեն։ Ոչ ոք չի կարող կանխատեսել բանակցությունների արդյունքը՝ մինչև դրանց մեկնարկը։ Եվ, իհարկե, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնեն մեզ սպառնալն ու վախեցնելը։ Նրանք պետք է պատրաստ լինեն բանակցել հավասար պայմաններով՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահի սկզբունքների վրա։ Բանակցությունները ենթադրում են փոխզիջում, և ոչ ոք չի կարող իր պայմանները թելադրել որևէ մեկին»,- նշել է իրանցի նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում