Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն բարեխոս «Սուրբ Սարգիս» և վիշապասպան «Սուրբ Գևորգ» սրբապատկերները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ թանգարանի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սրբապատկերներն ունեն ոչ միայն բարձր գեղարվեստական արժեք, այլև ուշագրավ պատմություն. առաջին սրբանկարը պատկերասրահ է բերվել Աշտարակի 7-րդ դարի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց (1939 թ.), մյուսը՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցուց (1940 թ.)։

Ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է հաղորդակցվելու հայ միջնադարյան հոգևոր ժառանգությանը, տեսնելու սրբերի պատկերագրության ինքնատիպ նմուշները։

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը շարժական է. այն նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի նշվելու է հունվարի 31-ին։

Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի և տեղում կառուցում եկեղեցի: Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի է բերվում Սրբի մասունքակիր աջը և Մատենադարանից 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը։ Մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Հայերեն Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից