Հատուկ նախագծեր

Բելգիայի հայտնի հայերը. Վալերի Սաֆարյան. երբ հայկական արմատները դառնում են կամուրջներ

13 րոպեի ընթերցում

Բելգիայի հայտնի հայերը. Վալերի Սաֆարյան. երբ հայկական արմատները դառնում են կամուրջներ

Մարդկային ճակատագրերի և տնտեսական դինամիկաների խաչմերուկում Վալերի Սաֆարյանը ներկայանում է որպես գործարար աշխարհի զուսպ, բայց անփոխարինելի դեմք։ Բելգիա-Հայաստան առևտրի պալատի (BACC) հիմնադիր նախագահը միևնույն ժամանակ ապահովագրության ոլորտում հարգված դեմք է՝ ճանաչված իր շարունակական ներգրավվածությամբ և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողությամբ։

Հայկական ծագմամբ բելգիացի Վալերի Սաֆարյանը մարմնավորում է բազմաշերտ ինքնություն։ Նա տարիների ընթացքում դարձել է անտեսանելի կամուրջ բելգիացի և հայ ձեռնարկատերերի միջև՝ կապելով երկու աշխարհներ, որոնք երբեմն թվում են հակադիր, սակայն երկխոսությունն ու վստահությունը բնական կերպով մոտեցնում են։

Առանց աղմուկի ու կարգախոսների՝ նա գործում է սահմանագծերում՝ այնտեղ, որտեղ հանդիպում են մշակույթները, տեսլականներն ու շահերը։ Նրա ուղին պատմում է բիզնես վարելու այլ ձևի մասին՝ ավելի մարդկային, ավելի համբերատար, ավելի գիտակցված ժառանգությունների և պատասխանատվությունների նկատմամբ։

«Բելգիայի հայտնի հայերը» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցին տված այս բացառիկ հարցազրույցը բացահայտում է մի մարդու, որի համար տնտեսությունը երբեք չի տարանջատվում պատմությունից, և որի համար կապեր կառուցելը, թերևս, ամենակայուն ձեռնարկատիրական գործողությունն է։

-Ինչպե՞ս կբնութագրեք այսօր Ձեր մասնագիտական և անձնական ինքնությունը։ Ո՞վ է Վալերի Սաֆարյանը։

-Ես ինձ առաջին հերթին համարում եմ Եվրոպայի քաղաքացի, բելգիացի՝ հայկական ծագմամբ։ Ես չեմ հավակնում լիարժեքորեն պատկանել հայկական մշակույթին բառի բուն իմաստով․ ես այդ մշակույթում չեմ մեծացել և չեմ տիրապետում դրա բոլոր կոդերին։ Սակայն ես մեծացել եմ շատ ամուր արժեքային հիմքերի վրա։

Հայրս հաճախ էր խոսում այն մասին, թե իր կարծիքով ինչ է նշանակում լինել հայ․ արժանապատվության զգացում, կրթություն, հավակնություն, սեփական ծագմամբ հպարտության զգացում, մարտական ոգի։ Այդ արժեքներն ինձ խորապես ձևավորել են։

Ես հայերեն չեմ խոսում և չեմ ճանաչում բոլոր մշակութային սովորույթները։ Եթե պետք է ինձ բնութագրեմ, կասեի՝ ես իսկական խառնուրդ եմ։ Ավելին՝ մի տեսակ քամելեոն՝ բառի դրական իմաստով. մեկը, ով կարողանում է հարմարվել շատ տարբեր միջավայրերի ու իրավիճակների՝ առանց ուրանալու իր էությունը։

Հայաստանի և հայրական արմատների հետ կապվածությունը, հավանաբար, ինձ տվել է երբեմն ավելի պահպանողական հայացք այն հասարակության նկատմամբ, որտեղ ապրում եմ՝ Բելգիայում։ Իմ ինքնությունը կառուցվել է՝ վերցնելով լավագույնը հայկական մշակույթից, բելգիական մշակույթից, գուցե, նաև իրանական մշակույթից և ժամանակի ընթացքում հանդիպած այլ մշակույթներից։

Ես պատկանում եմ մի սերնդի, որը ամեն ինչ ժառանգաբար չի ստացել, այլ ընտրել է վերակառուցելու ճանապարհը՝ ոչ թե նոստալգիայից դրդված, այլ գիտակցաբար։ Պատմության պատճառով փոխանցումը ընդհատվել է, ապա՝ կամավոր վերակառուցվել։

Վերջապես, պետք է նշել իրանահայ լինելու առանձնահատկությունը։ Այն ժամանակ դա Պարսկաստան էր, և հայերը լիովին այդ կայսրության մաս էին կազմում։ Հայրական ընտանիքում միշտ լսել եմ, որ մենք միաժամանակ պարսիկ ենք և հայ։ Իրանի հանդեպ այդ կապվածությունն էլ իմ ինքնության անբաժանելի մասն է։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի պատմության և Բելգիայում հաստատման հանգամանքների մասին։

-Պատմությունը սկսվում է իմ պապիկից՝ կարիերային զինվորականից, որն ուղարկվել էր Բելգիա՝ ուսումը շարունակելու։ Նա հասել էր փոխգնդապետի կոչման պարսկական բանակում՝ Շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի օրոք։

Շահը հաճախ էր իր շուրջը հավաքում կայսրության փոքրամասնությունների ներկայացուցիչների, հատկապես հայերին՝ հավանաբար կրոնական ծայրահեղ հոսանքներից պաշտպանվելու նպատակով։ Այդ համատեքստում պապիկս ուղարկվել էր Բելգիա՝ ավիացիա ուսումնասիրելու։ Երկիրը նրան դուր էր եկել, և հետագայում նա վերադարձել էր այնտեղ որպես դիվանագետ, ապա սկսել էր զբաղվել բիզնեսով։

Հայրս՝ Անդրե Սաֆարյանը, ծնվել է Բելգիայի Լիեժ քաղաքում՝ յոթ երեխաներից բաղկացած ընտանիքում։ Պապիկս ստացել էր Պարսկաստանի պատվավոր հյուպատոսի կոչում, ինչը նրան հնարավորություն էր տվել ձևավորելու լայն ցանց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա այդ կարգավիճակն օգտագործել էր դիմադրությանը օգնելու համար՝ թաքցնելով զենքեր և բրիտանական բանակի օդաչուների, որոնց ինքնաթիռները կործանվել էին Լիեժի շրջանում։

Վալերի Սաֆարյանի պապիկը՝ Գրիշա Սաֆարյանը

Այդ շրջանում ընտանիքն ապրում էր բարեկեցիկ կյանքով՝ ընկերություն Լիեժում, ամրոց Արդեններում, ապահով պայմաններ։ Սակայն պապիկիս վաղաժամ մահը, երբ հայրս ընդամենը տասներկու տարեկան էր, խորապես ազդել է հետագա ընթացքի վրա։ Դա նաև բացատրում է, թե ինչու հայրս չի ստացել խիստ հայկական դաստիարակություն։ Տանը ավելի շատ խոսում էին իրաներեն, հատկապես դիվանագիտական և ներկայացուցչական պատճառներով։

Հայրս հետագայում հանդիպել է մորս և անցել է ինտեգրման, նույնիսկ լիակատար ասիմիլացիայի ճանապարհով։ Արևելյան միջավայրից գալով և ապրելով ոչ շատ կոսմոպոլիտ շրջաններում, ինչպես Արդենները, նա լիովին ինտեգրվել է բելգիական հասարակությանը։ Նրա կարիերան, հատկապես Ֆլանդրիայում, ինձ թույլ տվեց հասկանալ երկրի ներսում եղած մշակութային տարբերությունները և հարմարվել դրանց։

Ես հաճախ եմ ինձ հարցրել․ հայրս գրեթե ամբողջությամբ ասիմիլացվել է, իսկ ես՝ ի՞նչ զգացում ունեմ իմ ծագման նկատմամբ։ Առանց կեղծ համեստության կարող եմ ասել, որ ես եմ մասամբ վերադարձրել ընտանիքը դեպի հայկական արմատներ՝ աստիճանաբար ընտանիքի անդամներին մեկ առ մեկ տանելով Հայաստան։

-Ձեզ համար հայ լինելը ներքին զգացո՞ւմ է, հավաքակա՞ն պատկանելություն, թե՞ ռազմավարական տեսլական։

-Դա երեքի համադրություն է։ Հայ լինելը նախևառաջ շատ կլանային մշակույթ է։ Հայը հազվադեպ է անհատապաշտ․ հավաքականը հիմնարար է։ Ես դա միշտ եմ զգացել։

Դա նաև մեծ ընտանեկան հավաքույթներ են, հատուկ մարդկային ջերմություն, զարմիկների, քեռիների ու հորեղբայրների մշտական ներկայություն։ Կա նաև հավակնության և ծագման գիտակցության զգացում՝ «մենք այնտեղից ենք գալիս»։ Սա երբեմն կարող է ընկալվել որպես էլիտարիզմ, թեև այդ բնորոշումը ոչ միշտ է ճշգրիտ և հաճախ սահմանափակող է։

Միևնույն ժամանակ, ես այստեղ տեսնում եմ մեծ գրկաբացություն աշխարհի նկատմամբ։ Թեև սա տնտեսական միգրացիա չէր, այլ մեկ ուրիշ վայրում հաստատվել, ինչը ենթադրում է բաց լինել մյուս երաժշտությունների, մշակույթների, գաղափարների նկատմամբ։ Իմ ընտանիքը, ի դեպ, շատ ընդհանրություններ ունի արևելյան մշակույթների հետ ընդհանրապես, ոչ միայն հայկականի։

Այս ամենը ազդեցություն է ունեցել իմ մասնագիտական ուղու վրա, հատկապես միջազգայինի հանդեպ հետաքրքրությանս մեջ՝ լինի դա Լիբանանում, Եգիպտոսում, թե ավելի զարգացած երկրների հաճախորդների հետ աշխատանքում։ Ուր էլ գնամ, ես միշտ փնտրում եմ հայկական եկեղեցի, հայերի։ Դա փակ ինքնության ռեֆլեքս չէ, այլ մշտական, գրեթե բնազդային հետաքրքրություն։

Վալերի եւ Անդրե Սաֆարյանները Բեյրությում դեսպան Սամվել Մկրտչյանի հետ

-Հայ-բելգիական առևտրի պալատի հիմնադիր ղեկավարի Ձեր դերը առավելապես տնտեսական է, թե՞ ինքնության հետ կապված։

-Սկզբում ներգրավվածությունը, հավանաբար, ավելի շատ ինքնության հետ էր կապված։ Բելգիայում հայկական ազգանուն և ոչ շատ տարածված անուն կրելը, թերևս, ինձ տալիս էր այն զգացումը, որ առևտրի պալատը մի տեսակ լեգիտիմություն է ապահովում։

Շատ արագ ես անցա այդ հարցադրումներից այն կողմ, որոնք հաճախ կապված են երիտասարդության հետ։ Այսօր հիմնական նպատակը Հայաստանին դրական կերպարով ներկայացնելն է։

Հայաստանի լավագույն դեսպանը բելգիացի է՝ հայկական ծագմամբ, ով ճանաչում է Բելգիան, խոսում է նրա լեզուներով և կարողանում է կամուրջներ կառուցել։ Քսան տարի առաջ Հայաստանը գրեթե տնտեսական կերպար չուներ։ Նպատակը նրա ներուժը ցույց տալն էր՝ չսահմանափակվելով միայն Ցեղասպանության հիշողությամբ։

Առևտրի պալատը նաև «փափուկ դիվանագիտության» գործիք է։ Այն ներկայացնում է երկիրը այլ կերպ՝ ոչ միայն հակամարտությունների կամ հիշողության պրիզմայով։ Իմ դերը նախևառաջ համախմբելն է, կառուցվածք ստեղծելը և այդ դրական կերպարի ձևավորմանը մասնակցելը։

-Ձեր ընտանեկան պատմությունը ազդո՞ւմ է ռիսկերի կառավարման Ձեր մասնագիտական մոտեցման վրա։

-Ես ուղիղ կապ չէի անցկացնի։ Հայրս աշխատում էր ապահովագրության ոլորտում, և ես հետևեցի այդ ուղուն։ Սա մարդկային հարաբերությունների վրա հիմնված մասնագիտություն է, ծառայություն, որը հաճախ ենթադրում է բազմալեզու հաղորդակցություն։

Ես դա ուղղակիորեն չէի կապի հայկական դիմակայունության հետ, սակայն մասնագիտությունը համապատասխանում է որոշ մշակութային գծերի՝ առևտուր, ճանապարհորդություն, հարմարվողականություն։ Իսկ ռիսկերի կառավարումը հիմնականում գալիս է կրթությունից և փորձից։

Այնուամենայնիվ, ռիսկը կառավարելը միայն տեխնիկա չէ։ Դա նաև աշխարհը կարդալու ձև է՝ հասկանալու խոցելիությունները, հավասարակշռությունները և ներուժը։ Այդ առումով Հայաստանը բարդ, բայց խորապես ռազմավարական երկիր է։ Կրթությունն ու փորձը ինձ դա սովորեցրել են, բայց ընտանեկան պատմությունն էլ, գուցե, անուղղակիորեն իր ազդեցությունն է ունեցել։

Վալերի Սաֆարյանը հոր՝ Անդրե Սաֆարյանի հետ

-Ձեր առաջին այցը Հայաստան Ձեզ վրա ազդե՞լ է։  

-Դա 2003 կամ 2004 թվականներին էր՝ կնոջս հետ։ Իմ կյանքի ամենագեղեցիկ ճամփորդություններից մեկն էր։

Հանդիպել մարդկանց, որոնք կրում են նույն ազգանունը կամ նույն ծագումն ունեն, խորապես հուզիչ փորձառություն է։ Այն ժամանակ Հայաստանում քիչ էին օտարերկրացիները, և ընդունելությունը բացառիկ էր՝ չնայած սահմանափակ միջոցներին։

Մեզ ընդունում էին թագավորների պես։ Երկիրը դուրս էր գալիս տասնամյակների ծանր շրջանից՝ խորհրդային համակարգի փլուզում, պատերազմ, երկրաշարժ։ Դու վերադառնում ես պատասխանատվության զգացումով։

Ինձ համար Հայաստանը ինքնության ապաստան չէ, այլ պատասխանատվության տարածք։ Հայաստանի հետ կապված լինելը ենթադրում է գործել, ոչ միայն զգալ։ Եվ կան այդ դեմքերը՝ այնքան ծանոթ, որոնք տալիս են հարազատներով շրջապատված լինելու զգացողություն։ Հայաստանը դարձավ առանցքային հենակետ ոչ միայն ինձ համար, այլ նաև իմ դուստրերի և կնոջս համար, որը, թեև հայկական ծագում չունի, բայց խորապես կապված է այդ երկրին։ Դա ինձ համար մեծ հպարտություն է։

-Ի՞նչ եք փոխանցում Ձեր երեխաներին հայկականությունից։

-Նրանք մկրտվել են Հայ Առաքելական եկեղեցում՝ ոչ թե կրոնական պարտադրանքով, այլ նրանց ուղենիշ տալու նպատակով։ Ես նրանց փոխանցում եմ հիմնականում արժեքներ՝ թափանցիկություն, հարգանք կրոնների և լեզվական ինքնությունների հանդեպ, արժանապատվություն, հավակնություն և հավաքականի զգացում։

Ես փոխանցում եմ ուղենիշներ, ոչ պարտավորություններ։ Հայ լինելը չի պարտադրվում․ այն ընտրվում է։ Ժամանակը ցույց կտա, թե նրանք ինչ ճանապարհ կընտրեն, բայց այդ արժեքները այն հիմքն են, որը ցանկանում եմ նրանց տալ։

Վերջում, եթե Հայաստանը ապահովագրական պոլիս լիներ, որո՞նք կլինեին դրա ռիսկերը և երաշխիքները։

Հայաստանը ինքնին արվեստի գործ է՝ իր լեռներով, իր մարդկանցով, իր մթնոլորտով։ Այն մարդկանց մեծ մասը, որոնց ես տարել եմ Հայաստան, վերադարձել են լիովին համոզված։

Դա կլիներ «All Risk Fine Arts» ապահովագրություն։ Իսկ ինչ վերաբերում է ռիսկերին, ես նախընտրում եմ չկենտրոնանալ վտանգների վրա։ Հայաստանին մաղթում եմ միայն գեղեցիկ բաներ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում