Նիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումները

3 րոպեի ընթերցում

Հնդկաստանում մահացու Նիպա վիրուսի երկու դեպքերը ստիպել են Թաիլանդի, Սինգապուրի, Հոնկոնգի և Մալայզիայի իշխանություններին ուժեղացնել օդանավակայաններում ստուգումները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Վիրուսը, որը տարածում են չղջիկները և այլ կենդանիներ, օրինակ՝ խոզերը, կարող է առաջացնել բարձր ջերմություն և ուղեղի բորբոքում, դրա մահացության մակարդակը կազմում է 40%-ից մինչև 75%։ Թեպետ այն նաև կարող է փոխանցվել նաև մի մարդուց մյուսը, սակայն փոխանցումը հեշտ չէ և սովորաբար պահանջում է երկարատև շփում վարակված անձի հետ։

Այն ավելի հաճախ մարդկանց է տարածվում վարակված չղջիկներից կամ նրանց կողմից վարակված մրգերից։

Վարակումները Հնդկաստանում հաստատվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին։ Վիրուսաբանները նշել են, որ ընդհանուր բնակչության համար ռիսկը մնում է ցածր։ Մի քանի պատվաստանյութեր մշակման փուլում են, բայց դեռևս փորձարկվում են։

Հնդկաստանի արևելյան Արևմտյան Բենգալիա նահանգում վարակված երկու անձինք առողջապահության ոլորտի աշխատողներ էին, և երկուսն էլ բուժում են ստանում տեղական հիվանդանոցում։ Հնդկաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իշխանությունները նույնականացրել և հայտնաբերել են այս երկու դեպքերի հետ կապված 196 կոնտակտավոր անձի, որոնցից ոչ մեկի մոտ այս պահին ախտանիշներ չկան, բոլորի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։

Հարավարևելյան Ասիայի հարևան երկրները, ինչպես նաև Նեպալի և Հոնկոնգի իշխանությունները սկսել են հատուկ քայլեր ձեռնարկել՝ իրենց տարածքում վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Մասնավորապես, Սինգապուրում հայտարարել են, որ Հնդկաստանի՝ վարակներից տուժած տարածքներից ժամանող չվերթների ուղևորների համար օդանավակայանում ջերմաստիճանի ստուգում կկազմակերպվի։ Նմանօրինակ քայլեր են նախաձեռնվել նաև Հոնկոնգի օդանավակայանում։

Թաիլանդը Նիպա վարակի դեպքերով տարածքներից ժամանող ինքնաթիռների համար հատկացրել է հատուկ կայանատեղիներ, իսկ ուղևորները պետք է լրացնեն առողջության մասին հատուկ թղթեր։

Մալայզիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առողջապահական ստուգումներ է իրականացնելու միջազգային մուտք ունեցող նավահանգիստներում, մասնավորապես՝ ռիսկի խմբում գտնվող երկրներից ժամանողների համար։

Չինաստանը և Նեպալը ևս հայտարարել են առողջապահական միջոցները վարակված տարածքներից երկիր ժամանողների համար խստացնելու մասին։

Նիպան առաջին անգամ հայտնաբերվել է ավելի քան 25 տարի առաջ՝ Մալայզիայում և Սինգապուրում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նիպա վիրուսը համարում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը, քանի որ չկան դրա դեմ լիցենզավորված պատվաստանյութեր կամ բուժումներ, կա բարձր մահացության մակարդակ և մտավախություն, որ վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել և ավելի վարակիչ դառնալ։

2025 թվականի դեկտեմբերի դրությամբ, ամբողջ աշխարհում գրանցվել է Նիպայի 750 հաստատված վարակ, որից 415-ը՝ մահվան ելքով։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն