ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական առաջընթացը, 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի պայամավորվածությունների իրականացման ընթացքը՝ մասնավորապես ընդգծելով օրերս Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում և մտքեր են փոխանակել ԱՄՆ օրենսդիր մարմնի՝ տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցների վերաբերյալ։