Հայաստան

ՊՆ-ն հերքել է զինվորին հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր տալու մասին տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքել է զինվորին հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր տալու մասին տեղեկությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անդրադարձել է համացանցում տարածված հրապարակմանը, ըստ որի՝ հոսպիտալում գտնվող զինվորներից մեկին ստիպողաբար հոգեմետ դեղեր են տալիս։ Նա նշել է, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում նա գրել է. «Ի պատասխան «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն»։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ներկայումս զինծառայողը հետազոտվում և ախտորոշմանը համապատասխան բուժում է ստանում մասնագիտացված բաժանմունքում, իսկ բժիշկ-մասնագետների խորհրդատվությունները կազմակերպվում են ըստ բժշկական ցուցումների։

«Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։

Անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ավարտից հետո զինծառայողը ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության»,-եզրափակել է Թորոսյանը։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում