Վերջին տարիներին հաջողվել է նոր հանգրվանի հասցնել հայ- հնդկական համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով․ ՀՀ փոխվարչապետ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի ու հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գերտերություն չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական առնչությունները, քաղաքական ընդհանրությունները, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 77-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«77 տարի առաջ Սահմանադրության ընդունմամբ՝ Հնդկաստանի ժողովուրդը արտահայտել է իր կամքը և անկախության համար մղված պայքարում ընտրել է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին։ Հայաստանն ունենալով հազարամյակների քաղաքակրթական ժառանգություն՝ օրինակելի կերպով հիմնադրում է ավանդույթը և նորարարությունը։ Նրա դինամիկ տնտեսությունը և գիտատեխնիկական առաջընթացն ու աճող դերակատարումը միջազգային հարաբերություններում կարևոր ներդրում են ունենում համաշխարհային առաջընթացում»,- նշեց Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման գործում։
«Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համակողմանի խորացումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների։ Այսօր արդեն գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեզ հաջողվել է նոր հանգրվանի հասցնել հայ- հնդկական համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով։ Մենք վճռական ենք չիրացված ներուժը լավագույնս իրացնելու տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ բարձրացնելով մեր երկրների միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ հայ-հնդկական մշակութային համագործակցությունը գործընկերության ամուր կամուրջներից մեկն է, որն այսօր նոր շունչ է ստանում՝ ընդլայնելով միջմարդկային շփումներն ու ամրապնդելով բարեկամությունը ժողովուրդների միջև։
«Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է նոր խթան հաղորդել քաղաքական երկխոսությանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը և ընդլայնել իրավապայմանագրային դաշտը։ Համոզված եմ, որ այսօր մեր համագործակցությունը առաջ է շարժվում վստահելի և ամուր հիմքի վրա և հետագայում էլ շարունակելու է ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով»,- նշեց Գրիգորյանը։