Վերջին 5 տարիներին Հայաստանում գրեթե կիսով չափ կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը. Արսեն Թորոսյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2021-25 թվականներին շարունակաբար նվազել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցի իր էջում դրա վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Ներկայացված գրաֆիկական պատկերից հետևում է, որ 2021 թվականին Հայաստանում աշխատանք է փնտրել 86 հազար 396 մարդ, գործազուրկ է համարվել 58 հազար 153-ը: 2022-ին գրանցվել է 70 հազար 544 աշխատանք փնտրող և 48 հազար 561 գործազուրկ, 2023-ին՝ համապատասխանաբար 64 հազար 190 և 46 հազար 19, 2024-ին՝ 56 հազար 575 և 37 հազար 572, 2025-ին՝ 46 հազար 508 և 32 հազար 974:

Նախարարը հրապարակումը լրացրել է հետևյալ մեկնաբանությամբ.
«Երբ մենք խոսում ենք նոր ստեղծվող աշխատատեղերի մասին և ցույց տալիս վերջին ամիսների այդ մասով կայուն աճը, հաճախ ինչ-որ անհասկանալի աղմուկ ենք լսում դրա շուրջ։
Ավելացող աշխատատեղերի վիճակագրությունը ապացուցվում է նաև աշխատանք փնտրողների և գործազուրկների նվազող թվերով։ Կից նկարում յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերն են։
Դրանք ցույց են տալիս, որ մենք վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը։ Եվ այս թվերի անկումը շարունակվում է»։