2 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են ավելացնել Հայաստանում գտնվող կրոնական հուշարձանները պաշտպանելու մեխանիզմները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Թագուհի Ղազարյանը հայտնեց՝ իրենց կողմից առաջարկված փոփոխությունների համար կան մի շարք պատճառներ:
«Մամուլում կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանն իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է տվել, նաև Հոգևոր Խորհրդի ներկայացուցիչներ են պատմել, որ եկեղեցու գույքից օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են նրա ընտանիքի անդամներին։ Ասողիկ քահանան էլ ասել է, որ իրենք Գեղարդից մի մասունք նվիրել են Ռուս ուղղափառ եկեղեցուն»,- ասաց Ղազարյանը:
Թագուհի Ղազարյանը հավելեց՝ պետության պարտավորությունն է պաշտպանել իր տարածքում գտնվող կրոնական հուշարձանները:
«Օրինակ՝ Հունաստանում, եկեղեցիները, բացի պետությունից, սեփականության իրավունքով որևէ մեկին պատկանելու իրավունք չունեն։ Այդպիսի երկրները շատ են»,- ասաց Ղազարյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Փոփոխությամբ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: