Առնվազն 1 տոկոսային կետով ավելի քիչ դեֆիցիտ ենք ունենալու 2025 թվականին. ֆինանսների նախարար
4 րոպեի ընթերցում
Հայաստանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականին եղել է պետբյուջեով նախատեսվածից բարձր: Ակնկալվում է, որ նախորդ տարվա վերջնական արդյունքներով՝ այս ցուցանիշը 2024 թվականի համեմատ կբարելավվի 1 տոկոսային կետով՝ հասնելով 24.5 տոկոսի և հեշտացնելով այս տարի սահմանված խնդրի լուծումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախորդ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ուրախ ենք արձանագրել, որ 2025 թվականին շարունակել ենք մնալ բարձր աճի տիրույթում: Հավանաբար, կունենանք շուրջ 5.5-6 տոկոսի տնտեսական աճ: Իհարկե, սպասում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակմանը: Ուրախ ենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին ունեցել ենք տնտեսական ակտիվության 8.3 տոկոսով աճ և միաժամանակ գնաճային միտումները եղել են թիրախին համապատասխան՝ 3 տոկոսի շրջանակում:
Մեզ համար կարևոր ցուցանիշ է հարկեր-ՀՆԱ բարելավումը, որը եղել է ավելին, քան նախատեսված էր 2025 թվականի բյուջեով: Ամեն տարի թիրախավորել ենք հարկեր-ՀՆԱ-ի 0.5 տոկոսային կետով բարելավում: Եթե ամեն ինչ մեր կանխատեսումների շրջանակում լինի, ամենայն հավանականությամբ, կունենանք 1 տոկոսային կետով բարելավում 2024 թվականի համեմատությամբ և կհասնենք արդեն 24.5 տոկոսի, ինչը մեզ մոտեցնում է Կառավարության՝ 2021-26 թվականների թիրախային 25 տոկոս ցուցանիշին և, ըստ էության, 2026 թվականին մեր առջև դրված խնդիրը կատարելն առավել հեշտ է դառնում»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ սա կարևոր է նաև այն իմաստով, որ հարկերի հավաքագրումը բավականին դրական միջավայր է ստեղծել բյուջետային աշխատանքներում, և իրենք ծախսային պարտավորություններն իրականացնելու որևէ խնդիր չեն ունեցել:
«Ավելին՝ ունեցել ենք սպասվածից ավելի փոքր դեֆիցիտ: Մոտավորապես, առնվազն 1 տոկոսային կետով փոքր դեֆիցիտ ենք ունենալու 2025 թվականին: Հիշեցնեմ, որ մեր պլանավորած դեֆիցիտը 5.5 տոկոս էր: Բնականաբար, սա իր դրական ազդեցությունն է ունենալու նաև Կառավարության պարտքի վրա: Եթե պլանավորում էինք, որ 2025 թվականի վերջին պարտքը կանցնի 50 տոկոսից, ապա, ամենայն հավանականությամբ, մեր հաշվարկներով՝ Կառավարության պարտքը կլինի մոտ 48.7 տոկոս: Հիշեցնեմ, որ 2024 թվականի արդյունքներով Կառավարության պարտքը 48 տոկոս էր: Սա, բնականաբար, նաև իր դրական ազդեցությունն է ունենում այդ պարտքի սպասարկման և շուկայի միտումների վրա:
Սա ազդեցություն է ունենում նաև մեր պարտքի տոկոսների, այսինքն՝ մեր թողարկած գանձապետական պարտատոմսերի և միջազգային շուկաներում մեր արտարժույթային պարտատոմսերի տոկոսադրույքների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ այս պահին ունենք պատմականորեն ցածր ռիսկի հավելավճար: Օրինակ, եթե 2025 թվականի մարտ ամսին, երբ թողարկեցինք 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդեր, դրանց տոկոսադրույքը 7.1 տոկոս էր, որում ռիսկի հավելավճարը 2.86 տոկոս էր (ռիսկի հավելավճարը դա այն գումարն է, որը պետությունները վճարում են այս կամ այն խնդիրներ ունենալու համար), ապա արդեն 2026 թվականի հունվարին այդ տոկոսադրույքն իջել է 1.96-ի: Սա նշանակում է, որ, օրինակ, եթե ապրիորի վերցնենք՝ այսօր թողարկեինք այդ նույն եվրոբոնդը, որը թողարկել էինք մարտ ամսին, ապա դրա տոկոսադրույքն այլ հավասար պայմաններում կլիներ 0.9 տոկոսային կետով ավելի ցածր»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: