Երևանյան 4 շոուներից հետո մենահամերգի առաջարկ եմ ստացել անգամ Նոր Զելանդիայից․ Տաթև Ասատրյան
5 րոպեի ընթերցում
Տաթև Ասատրյանի անունն այսօր դարձել է որակյալ շոուի և անմնացորդ նվիրումի խորհրդանիշ։ Երևանյան չորս աննախադեպ մենահամերգներից հետո, երբ թվում էր, թե արտիստը պետք է տևական դադար վերցներ՝ ուժերը վերականգնելու համար, ավելի մեծ թափով սկսեց իր համաշխարհային տուրը։ Այսօր Տաթևը ոչ միայն սպասված հյուր է Մոսկվայի կամ Լոս Անջելեսի ամենամեծ դահլիճներում, այլև առաջարկներ է ստանում այնպիսի հեռավոր անկյուններից, որտեղ հայկական շոուն երբեք այս մասշտաբով ներկայացված չի եղել։
- Տաթև, անընդմեջ մեծ շոուներից հետո, սովորաբար, արտիստները դադար են վերցնում ուժերը վերականգնելու նպատակով։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ մարաթոնից հետո և ի՞նչ պլաններ ունեք։
- Իսկապես, կարող է թվալ, թե այդքան մեծ ծանրաբեռնվածությունից հետո պետք է կանգ առնեի որոշ ժամանակ հանգստանալու համար, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Այդ չորս օրերին հանդիսատեսից ստացածս էներգիան այնքան հզոր էր, որ այն բազմապատկեց աշխատելու մեծ ցանկությունս։ Ես ինձ ավելի լիարժեք ու պատրաստակամ եմ զգում նոր բարձունքներ հաղթահարելու համար։ Այդ էներգիան նաև նոր դռներ բացեց. հրավերները շատացել են աշխարհի ամենահեռավոր անկյուններից։ Զանգեր ու առաջարկներ ենք ստանում Կանադայից, Ավստրալիայից, անգամ Նոր Զելանդիայից ենք մենահամերգի հրավեր ստացել։ Դա պարտավորեցնող է ու շատ ոգևորող։
- Ո՞րն է ձեր համերգային ծրագրերի բացառիկության գաղտնիքը։
- Մեր հաջողության հիմքում Նարեկ Ստամբոլցյանի՝ իմ ամուսնու և պրոդյուսերի, կրեատիվ միտքն ու աշխատասիրությունն են: Նա ոչ միայն պրոդյուսեր է, այլև իմ գործունեության գլխավոր ուղղորդողը: Նրա մասնագիտական հոտառությունը թույլ է տալիս ցանկացած շոու դարձնել ինքնատիպ: Նարեկն այն մարդն է, որը ստեղծում է բեմական այն միջավայրը, որտեղ ես կարողանում եմ լիարժեք ինքնադրսևորվել: Մենք սկսել ենք զրոյից, և այսօրվա ձեռքբերումները մեր հավատի ու հետևողական աշխատանքի արդյունքն են:
- Խոսենք Ձեր միջազգային հաջողությունների մասին․ 2025-ի մայիսի 3-ին Մոսկվայի «Լայվ Արենա» համերգասրահում կայացած Ձեր առաջին մեծ մենահամերգը իսկական իրարանցում առաջացրեց։ Ինչպե՞ս կհիշեք այդ օրը։
- «Լայվ Արենան» համարվում է Եվրոպայի՝ տեխնիկապես ամենահագեցած դահլիճը, և 12․000 հանդիսատեսի ներկայությունը մոսկովյան իմ առաջին մեծ մենահամերգին ուղղակի ցնցող էր։ Այն անցավ մեկ շնչով։ Մեզ հետ աշխատում էր միջազգային հզոր թիմ՝ մասնագետներ և երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից։ Դա թիմային աշխատանք էր, որի արդյունքը եղավ այն սերը, որը ստացանք մոսկովյան հանդիսատեսից։
- Մոսկվայում Դուք նաև կրկնեցիք Ձեր ամենառիսկային համարը՝ թռիչքը հիմնական բեմից դեպի հանդիսատեսի շարքերը...
- Այո, դա շատ ռիսկային էր, քանի որ կրկին առանց ապահովագրության թռա դեպի հանդիսատեսի շարքերում դրված փոքր բեմը։ Բայց երբ տեսնում ես այդ հազարավոր մարդկանց աչքերը, վախն անհետանում է։ Այդ համերգի արձագանքներն այնքան շատ էին ու տևական, որ որոշեցինք ևս մեկ համերգ կազմակերպել այս տարի փետրվարի 8-ին, բայց արդեն ավելի մեծ դահլիճում՝ «ЦСКА Арена»-ում, որը կարող է տեղավորել մինչև 15․000 հանդիսատես։
- Ձեր շրջագայության հաջորդ կարևոր կանգառներից է Վրաստանը։ Ի՞նչ է սպասվում Թբիլիսիում։
- Սա իմ առաջին մեծ մենահամերգն է Թբիլիսիում։ Շատ-շատ նամակներ էինք ստանում մեր վրացահայ հայրենակիցներից, թե երբ ենք մենահամերգ ունենալու Վրաստանի մայրաքաղաքում։ Հուզիչ է տեսնել, որ համերգին դեռ երկու ամիս կա, բայց տոմսերի մեծ մասն արդեն սպառված է։ Թբիլիսին ինձ համար առանձնահատուկ ջերմ քաղաք է։
— Եվ իհարկե՝ Միացյալ Նահանգներ։ Լոս Անջելեսում սպասվող շոուն խոստանում է լինել աննախադեպ։
— Լոս Անջելեսում է աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկը, և այնտեղի առաջին անգամ է լինելու այս մասշտաբի մեծ մենահամերգ։ Մենք մեկնում ենք մեր ամբողջ թիմով։ Դա լինելու է աննախադեպ շոու-ծրագիր, որի վրա աշխատում ենք ամիսներ շարունակ։ Մենք չենք տանում պարզապես համերգ, մենք տանում ենք մեծ հայկական շոու, որը պետք է համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին։
Սաթեն Խաչատրյան