Հայաստան

ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի․ ԱՆ

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի․ ԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը հերքելով VT Foreign Policy հարթակում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ։

«Նշված պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական և օրենսդրական կարգավորումներին։

Ընդգծում ենք, որ ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի, և դատավորների նշանակման գործընթացը իրականացվում է բացառապես սահմանադրական և օրենսդրական կարգավորումներով»,– նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Մեկտեղ ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։

«Օրինակ առաջին ատյանի դատավորի ընտրությունն իրականացվում է բազմափուլ, մրցակցային և թափանցիկ ընթացակարգով, որը ներառում է`

  • թեկնածուների հայտերի ընդունում և ստուգում
  • որակավորման գրավոր քննություն համապատասխան մասնագիտացման ոլորտում
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրում
  • հարցազրույց՝ մասնագիտական և անձնական որակների գնահատման նպատակով։

Նշված փուլերի արդյունքների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է հավակնորդների ցուցակ, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա՝ պարտադիր ուսուցման կազմակերպման համար։ Ակադեմիայում ուսուցումն ավարտելուց հետո թեկնածուները ընդգրկվում են դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներում, և միայն այդ ցուցակներում ընդգրկված անձինք կարող են ներկայացվել Հանրապետության նախագահին՝ նշանակման նպատակով․

  • Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ,
  • վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում թեկնածուները ներկայացվում են Ազգային ժողովի կողմից՝ ԲԴԽ-ի առաջարկած երեք թեկնածուներից մեկի ընտրության արդյունքում»,– ասված է հայտարարությունում։

Նույն հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ դատավորների ընտրության և նշանակման գործընթացը չի կարող ծառայել քաղաքական նպատակներին կամ կապվել ընտրական գործընթացների հետ, իսկ VT Foreign Policy-ի կողմից տարածվող պնդումները տվյալ հարցի վերաբերյալ չեն հիմնվում փաստերի կամ իրավական հարթության վրա և հանդիսանում են ապատեղեկատվություն։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում