Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարգարտե ականջօղով աղջիկը» առաջատար. թարգմանական. դեկտեմբեր, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Մարգարտե ականջօղով աղջիկը» առաջատար. թարգմանական. դեկտեմբեր, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:

Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» առաջին տեղում է։ «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը միայն մի դիմանկարի պատմություն չէ. այն պատմություն է նկարչի և նրա մուսայի մասին, նաև սիրո պատմություն է, որը ծավալվում է Հոլանդիայի Դելֆտ քաղաքում հեռավոր տասնյոթերորդ դարում։ Պատմական վեպը գրելու համար հեղինակը մանրակրկիտ ուսումնասիրել է նյութը, ինչի շնորհիվ ընթերցողը միանգամից ընկղմվում է վայրի և դարի մթնոլորտի մեջ։

Երկրորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի»-ն երրորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Մայք Օմերի «Մարդասպանի վերադարձը» չորրորդ տեղում է։ Արյան ծարավը խելագարեցնում է, մոլորեցնում, ստիպում դուրս գալ որսի: Իսկ ի՞նչ, եթե արյան ծարավով տարված մեկը հանդիպի սերիական մարդասպանի, որը նույնպես ունի ծարավ… որսի ծարավ։ Չիկագոյի փոքրիկ եկեղեցիներից մեկի հովվի աղջիկը հայտնաբերվում է սպանված։ Մարդասպանը գործել է նախապես ծրագրված կերպով, պլանավորել է սպանությունը, բայց թույլ տվել սխալներ: Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ-ի գործակալ Թեյթում Գրեյը նորից դեպքի վայրում են և նրանք անում են  իրենց սեփական որսը՝ վերջապես գտնելու Զոիի անցյալից եկող սարսափելի ուրվականին՝ Ռոդ Գլովեր անունով սերիական մարդասպանին։ Զոի Բենթլիի և Թեյթում Գրեյի հետաքննության մասին այս վերջին գիրքը  իսկական էմոցիոնալ ճոճանակ է, որը թույլ չի տա ընթերցողին գեթ մեկ րոպե կտրվել ընթերցանությունից։

Հինգերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Վեցերորդ տեղում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» յոթերորդ տեղում է։ Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է: Վեպն առաջին անգամ հրատարկվել է 1938 թ. Մեծ Բրիտանիայում: Իսկ հետագայում ԱՄՆ-ում հրատարվել է նաև «Սուրբ Ծննդի մարդասպան» և «Տոն մարդասպանի համար» վերնագրերով: Այս անգամ Էրքյուլ Պուարոն կանգնում է ընտանեկան ողբերգության հանգուցալուծման խնդրի առջև: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին «Գորստոն Հոլ» առանձնատանը՝ սեփական սենյակում փակված, ընտանիքի անդամները հայտնաբերում են միլիոնատեր Սիմեոն Լիի մարմինը՝ ամբողջովին արյան մեջ: Սպանության վարկածն անհերքելի է, սակայն առեղծվածի կծիկը քանդելն այնքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ սպանության զոհին գրեթե բոլորը ատում էին: Իսկական ժամանակն է գորշ բջիջները գործի դնելու: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։

Մայք Օմերի «Զոհի աչքերով»-ն ութերորդ տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։

Քրիս Յուանի «Տան որսը» իններորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում: Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ:

Տասներորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ-ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը՝ Մարատը, 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+1

Թրեյսի Շևալյե,

 «Մարգարտե ականջօղով աղջիկը»

Զանգակ174
2-1

Ֆրանկ Տիլյե,

«Գլուխկոտրուկ» 

Դավինչի172
3*

Տոշիկազու Կավագուչի,

«Նախքան սուրճը կսառի» 

Դավինչի165
40

Մայք Օմեր,

«Մարդասպանի վերադարձը»  

Դավինչի118
5 +4

Էլիզաբեթ Գիլբերթ,

«Ուտել, աղոթել, սիրել» 

Զանգակ117
6*

Մարկ Արեն,

«Սուրբծննդյան հրեշտակը» 

Բուկինիստ116
7*

Ագաթա Քրիստի,

 «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը»

 Էդիթ Պրինտ109
8-3

Մայք Օմեր,

«Զոհի աչքերով» 

Դավինչի105
9*

Քրիս Յուան,

«Տան որսը»

Դավինչի105
10*

Գամիդ Ամիրով,

«Արցունքներ դրախտում»  

Բուկինիստ93
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում