Եվրոպա

Եվրամիությունն ակնկալում է ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցություն Ուկրաինայի հարցում

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունն ակնկալում է ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցություն Ուկրաինայի հարցում

Եվրամիությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեմայի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Դավոսի համաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ վերջին օրերին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների պատճառներով միլիոնավոր մարդիկ մնացել են մթության և ցրտի մեջ։

«Մենք բոլորս Ուկրաինայում խաղաղություն ենք ցանկանում։ Մենք ճանաչում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ուկրաինայի հարցում խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Եվ մենք շատ սերտորեն կաշխատենք ԱՄՆ-ի հետ», - ասել է ֆոն դեր Լայենն իր ելույթում, որի տեսանյութը հրապարակվել է X-ում նրա էջում։

Նրա խոսքով՝ Կիևը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի «ուժի դիրքերից»։ Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ ԵՄ-ն 2026-2027 թվականների համար Ուկրաինային է տրամադրում 90 միլիարդ եվրո վարկ ՝ ամրապնդելու պաշտպանական ունակությունները և ապահովելու հիմնական ծառայությունները։

«Զուգահեռաբար մենք որոշել ենք մշտական հիմունքներով անշարժացնել ռուսական ակտիվները, որպեսզի մենք իրավունք վերապահենք օգտագործել դրանք։ Սա պետք է Ռուսաստանի համար որպես խիստ հիշեցում ծառայի և ուղերձ աշխարհին՝ Եվրոպան միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին, մինչև ձեռք չբերվի արդար և տևական խաղաղություն», - հավելել է պաշտոնյան։

Դավոսում հունվարի 19-ին մեկնարկել է 56-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 23-ը։ Դրան մասնակցում են աշխարհի տարբեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներ։ Այս տարի ֆորումը կրում է «Երկխոսության ոգի» խորագիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում