TRIPP-ում Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվում․ ԱԺ փոխնախագահ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ TRIPP նախագծում Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուբինյանը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Անդրադառնալով TRIPP նախագծում երրորդ կողմերի՝ մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությանը՝ Ռուբինյանը նշել է, որ նման քննարկում չկա։
«Տեսել եք, որ օրերս հրապարակվել է նաև փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու TRIPP ընկերությունը։ Հիշեցնեմ՝ դա հայ-ամերիկյան ընկերություն է, և այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում։ Բայց, եթե խոսում ենք TRIPP ծրագրից ավելի լայն օգուտներ քաղելու մասին, այստեղ, իհարկե օգուտներ քաղելու են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Վրաստանը, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ միջինասիական երկրները, և՛ եվրոպական երկրները և այսպես շարունակ»,-ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ TRIPP-ի գործարկման և ապաշրջափակման արդյունքում Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ և այսպես շարունակ։
ԱԺ փոխնախագահի բնորոշմամբ՝ ցանկացած կարդալ իմացող մարդ կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, իսկ դա այն մասին է, որ միջանցք չի լինելու։
«Հիշեցնեմ, թե ինչի մասին են եղել մտահոգությունները վերջին հինգ տարվա ընթացքում․ հիմնական երեք թեմայի շուրջ են դրանք եղել. արդյոք անվտանգությունը ապահովելու է երրորդ երկի՞ր, թե՞ ոչ, արդյոք լինելո՞ւ են համապատասխան անցագրային և մաքսային ընթացակարգեր, և հայ սահմանապահներ լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու։ Այս փաստաթղթում հստակ սևով սպիտակի վրա գրված է՝ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային և մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները և այլ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային և մաքսային տեղերում, մի հազար անգամ էլ գրված է, որ ամեն ինչ տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Հատկապես կասկածամիտների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու։ Հետևաբար, անհնար է այստեղ միջանցք տեսնել»,-շեշտեց Ռուբինյանը։