Մշակույթ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին

4 րոպեի ընթերցում

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսի 12-18-ը Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, Քալաշյան պարԱրվեստի դպրոցի գործընկերությամբ:

Նախագիծը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն առավոտյան հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, որից հետո տեղի կունենա ելույթների հերթականության վիճակահանությունը:

Պատանի ստեղծագործողներն ավանդույթի համաձայն կբաժանվեն տարիքային երկու խմբի, իսկ մրցույթը նախորդ տարվա պես կանցկացվի երկու փուլով:

Մայիսի 13-ին մրցութային առաջին փուլի շրջանակում Ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ), իսկ Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:

Երկրորդ փուլում (մայիսի 15) մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. Կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ Ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն: Մրցութային երկու փուլերը կանցկացվեն Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում:

Մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի գալա համերգ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրների անունները: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:

Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական պարգևներով, մրցույթի անվանական գավաթներով, պատվոգրերով, խրախուսական նվերներով։

Մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով։

Լավագույն մասնակիցները, ի թիվս մյուս մրցանակների, հնարավորություն կստանան մասնակցելու նաև մարզային համերգի. այն կանցկացվի Աշտարակում:

Այս տարի առաջին անգամ մրցույթում կընդգրկվի նաև խորեոգրաֆիկ տարր: Մրցույթի հաղթողները կստանան հնարավորություն աշխատելու Հայաստանի առաջատար պարային դպրոցներից մեկի՝ Քալաշյան պարԱրվեստի դպրոցի մանկավարժ պարուսույցների հետ, որի շրջանակում հաղթող մասնակիցների ստեղծագործությունների համար կբեմադրվեն պարային համարներ՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով պատանի ստեղծագործողներին առնչվել նաև խորեոգրաֆիկ արվեստի հետ՝ աշխատելով հենց պարուսույցների հետ: Պարային համարները կներկայացվեն մրցույթի ավարտից հետո՝ մինչև տարվա վերջ։

Ավանդույթի համաձայն՝ դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 10-ն է։

Ժյուրին երկու խմբերում իրավունք ունի կիսել մրցանակները կամ ընդհանրապես չտալ որևէ մրցանակային տեղ: Մասնակիցների ստեղծագործությունների կատարումն ապահովում է հենց մասնակիցը:

Մրցույթն իրականանում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ հոբելյանական փառատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում