Թրամփն աջակցություն է հայտնել պաղեստինյան նորանշանակ տեխնոկրատական կառավարությանը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածը կառավարելու համար նշանակված պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանն աջակցելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա համապատասխան գրառում է արել Truth Social հարթակում։
Նա հաստատել է, որ պաշտոնապես անցում է կատարվել Գազայի հատվածում խաղաղության 20-կետանոց ծրագրի երկրորդ փուլին, որի մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Որպես Խաղաղության խորհրդի նախագահ՝ ես աջակցում եմ տեխնոկրատական պաղեստինյան կառավարությանը՝ Գազայի կառավարման ազգային կոմիտեին, որն աջակցվում է Խորհրդի բարձր ներկայացուցչի կողմից և որը կկառավարի Գազան անցումային շրջանում։ Այս պաղեստինցի ղեկավարներն անսասան կերպով հանձնառու են խաղաղ ապագային», - գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Գազայի հատվածում հրադադարից հետո ԱՄՆ վարչակազմն օգնել է «ռեկորդային մակարդակի» հումանիտար օգնություն հասցնել Գազա, և պայմաններ են ստեղծվել հաջորդ փուլին անցնելու համար։
«Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի աջակցությամբ մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի հետ համապարփակ ապառազմականացման համաձայնագրի, որը կներառի լիակատար զինաթափում և բոլոր թունելների ոչնչացում: ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ վերջին աճյունի վերադարձը Իսրայել, և անհապաղ անցում կատարի լիակատար ապառազմականացմանը: Ինչպես ես արդեն ասել եմ, նրանք կարող են դա անել լավ կամ վատ ձևով», - հավելել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր , որ ստեղծվել է «Խաղաղության խորհուրդ», որը կվերահսկի Գազայի հատվածի վերակառուցումը։